ՀԿ Կենտրոնը «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ և ԳՄՀԸ ծրագրերի շահառու կանանց տրամադրել է փոքր-դրամաշնորհներ, որոնց իրականացումը կբարձրացնի կանանց առաջնորդության ներուժը։
Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:
Մենք շարունակում ենք հոդվածների շարք «Կանայք համայնքում» խորագրով, որոնց շրջանակներում ներկայացնում ենք դրամաշնորհառու կանանց գաղափարները, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկա ամիսներին իրենց համայնքներում։
Արուս Առաքելյանը Կոտայքի մարզի Աբովյան համայնքից է: Նա ցանականում է իր համայնքում բարձրացնել տեղական ինքնակառավարմանը երիտասարդ կանանց մասնակցության մակարդակը և այդ նպատակով իրականացնելու է «Տեղական ինքնակառավարմանը մասնակության դպրոց՝ երիտասարդ մայրիկների համար» ծրագիրը: Նա խնդիր է դրել ծրագրի միջոցով բարձրացնել երիտասարդ մայրիկների իրավագիտակցության մակարդակը, աջակցել համայնքային տարաբնույթ միջոցառումներին երիտասարդ կանանց ներգրավմանը, երիտասարդ մայրիկների մոտ ձևավորել ՏԻՄ ներկայացուցիչների որոշումների վրա ազդեցություն ունենալու ցանկույթյուն: Արուսը, մինչև ծրագիրը սկսելը, նախատեսում է իրականացնել իրազեկման միջոցառումներ՝ ինֆորմացիոն բուկլետների, նախադպրոցական հաստատություններում իրազեկող հանդիպումների, ծրագրի ֆեյսբուքյան հարթակի ստեղծման, մանկապարտեզ հաճախող երեխաների մայրիկների հետ հետադարձ կապի ստեղծման միջոցով: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են իրավագիտակցության բարձրացմանն ուղղված դասընթացներ՝ առցանց և ոչ առցանց եղանակներով, ապահովվելու է մայրիկների մասնակցություն հանրային լսումներին, խորհրդակցական մարմինների նիստերին և ավագանու նիստերին: Իրականացվելու են նաև ավագանու որոշումների նախագծերի քննարկումներ, մանկապարտեզների խնդիրների վերաբերող հարցումներ:
Շիրակի մարզի Գյումրի համայնքից Լիլիթ Մակարյանը, որը ցանկանում է կանանց դերը բարձրացած տեսնել և համայնքում, և համայնքից դուրս, որոշել է իրականցնել «Կանայք հանուն ուժեղ համայնքի» ծրագիրը: Նա ցանկանում է իրավաբանորեն չգրանցված, սակայն ակտիվ գործունեություն ծավալող կանանց բերել մեկ ընդհանուր դաշտ՝ քարտեզագրելով նրանց և նրանց կողմից ստեղծված տարաբնույթ ռեսուրսները, միաժամանակ կրթելու, իրավագիտակցությունը բարձրացնելու միջոցով խթանել նրանց հասարակական ակտիվությունը: Իր այս նպատակին Լիլիթը նախատեսնում է հասնել թիրախային խմբի կանանց համար դասընթացներ կազմակերպելու, սոց. մեդիայի հարթակներում նրանց պրոդուկտի ներկայացման, հաջողակ կանանց հետ հանդիպում-քննարկումներ կազմակերպելու միջոցով: Ծրագրի կարևոր արդյունքներից է լինելու Շիրակի մարզի ձեռներեց կանանց ընդհանուր պատկերի վերհանումը։
Լիլիթ Ղալումյանը Տավուշի մարզի Իջևան համայնքից է: Նա իրականացնելու է «Քաղաքացիական կրթություն կանանց համար» ծրագիրը, որի նպատակը որոշումների կայացման հարցում համայնքի բնակչության մասնակցությունը խթանելն է։ Վերջինս նա նախատեսում է իրագործել ՏԻՄ գործառույթների վերաբերյալ շահառու կանանց գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու, շահառու կանանցից ակտիվ խումբ ձևավորելու և նրանց համայնքային խնդիրների վերհանմանը, որոշումների կայացմանը ներգրավելու միջոցով։
Լոռու մարզի Վանաձոր համայնքից Կարինե Ղուկասյանը որոշել է «Կանայք՝ կանանց համար» ծրագրի միջոցով նպաստել Վանաձոր համայնքի ընտրություններին կանանց մասնակցության բարձրացմանը։ Նպատակին հասնելու համար նա խնդիր է դրել բարձրացնել կանանց ներգրավման կարևորության մասին իրազեկվածության մակարդակը, ձևավորել թեկնածու կանանց պոտենցիալ խումբ, աջակցել նրանց՝ քարզարշավի կազմակերպման վերաբերյալ նրանց գիտելիքները զարգացնելու միջոցով։ Այս ամենը նա ծրագրում է իրականացնել սոց. մեդիայի որևէ հարթակում թեմատիկ էջի առկայության, ակտիվ և այս ոլորտում ճանապարհ անցած կանանց հետ կլոր սեղան-քննարկումներ կազմակերպելու, կանանց հետաքրքրության հայտի տարածման և դրա միջոցով դիմորդներ հավաքագրելու ու խումբ ձևավորելու միջոցով։ Այս խմբի համար նախատեսվում է իրականացնել դասընթացներ՝ քաղաքական ճանապարհ անցած կանանց մասնակցությամբ։ Դասընթացները լինելու են քարոզարշավների պլանավորման և անցկացման թեմաներով։
Առաջին հոդվածը հասանելի է այստեղ
Նյութը պատրաստեց ՀԿ Կենտրոնի PR թիմը