ՀԿ Կենտրոնը «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ և ԳՄՀԸ ծրագրերի շահառու կանանց տրամադրել է փոքր-դրամաշնորհներ, որոնց իրականացումը կբարձրացնի կանանց առաջնորդության ներուժը։
Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:
Մենք սկսում ենք հոդվածների շարք «Կանայք համայնքում» խորագրով, որոնց շրջանակներում առաջիկայում կներկայացնենք դրամաշնորհառու կանանց գաղափարները, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկա ամիսներին իրենց համայնքներում։
- Ալլա Ավետիքյանը Լոռու մարզի Անտառամուտ գյուղից է։ Նա գյուղում հավաքագրելու է 30 կանանց և նրանց համար կազմակերպելու է կարողությունների զարգացման միջոցառումներ տեղական ինքնակառավարմանն ու համայնքի բյուջեին առնչվող թեմաներով։ Նա նշում է,- «Ծրագրի նպատակն է, որ բյուջեն լինի գենդերազգայուն և համայնքային խնդիրների լուծումները պլանավորելիս ևս ՏԻՄ-ը մտածի գենդերազգայուն լուծումներ տալու մասին»։
- Մարուսյա Բալայանըդրամաշնորհառու կանանցից մեկն է, ով ապրում և աշխատում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Մտահոգ լինելով կանանց և տղամարդկանց անհավասարության թաքնված դրսևորումներով՝ նա նախաձեռնել է «Անունս կին է» ծրագիրը, որը միտված է համայնքում կանանց նկատմամբ առկա կանխակալ և կարծրատիպային վերաբերմունքի նվազեցմանը, նրանց հզորացմանը և կանանց ներուժի, հնարավորությունների նկատմամբ վստահության բարձրացմանը: «Անհավասարության դրսևորումներն ամենուր են,- ասում է Մարուսյան,- սկսած ընտանիքից, վերջացրած հանրային միջավայրերով: Դրանք հիմնականում թաքնված բնույթ ունեն և որ վատթարագույնն է, բնական են համարվում, այդ իսկ պատճառով էլ ընդունելի են մեծամասնության համար՝ որպես սովորական դարձած մի բան»։ Ուստի առկա իրավիճակը փոխելու համար 5 ամիսների ընթացքում աշխատանք է տարվելու 2 ուղղությամբ՝ որոշում կայացնողներ և կանայք, դեռահասներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է զարգացնել ՏԻՄ 15 անդամների գիտելիքները գենդերային քաղաքականության և գենդերային մեյնսթրիմինգի վերաբերյալ, որի արդյունքում մասնակիցները գիտելիքներ և հմտություններ կունենան, թե ինչպես կարող են առկա ռեսուրսներով բոլոր գործողություններում պահպանել գենդերային հավասարությունը և ներառել գենդերը՝ որպես համայնքային պլանավորման, իրականացման և գնահատման առանցքային չափանիշներից մեկը: Ծրագրի բաղադրիչներից մեկն էլ կանանց կարողությունների զարգացումն է. Ստեփանավանում գործուեություն ծավալող ՀԿ-ներում, ՀՈԱԿ-ներում, համայնքային նախաձեռնող խմբերում ներգրավված 12 կանայք հնարավորություն կունենան զարգացնել իրենց հմտությունները այլընտրանքային ռեսուրսների որոնման, դրամաշնորհային ծրագիր գրելու ոլորտում: Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը և կանխակալ վերաբերմունքը նվազեցնելու նպատակով նվազագույնը 10 դեռահաս էլ ներգրավված կլինի գենդերային խտրականության վերաբերյալ ֆորում-թատրոնի ներկայացումների սցենարական և բեմադրման աշխատանքներում: Դրան է միտված լինելու նաև Ստեփանավանում գործունեություն ծավալող 3 հաջողակ կանանց (կին առաջնորդների) վերաբերյալ հեռուստապատմությունների պատրաստումն ու տարածումը:
- Եղեգիս համայնքից Շուշանիկ Դանիելյանըցանկանում է բարձրացնել բնակիչների դերը և մասնակցությունը համայնքի հիմնախնդիրների բացահայտման և լուծման գործում։ Այդ պատճառով էլ նախաձեռնել է «Նոր մարդիկ, նոր գաղափարներ» ծրագիրը, որի շրջանակներում Եղեգիս բազմաբնակավայր համայնքի թվով 12 բնակավայրերում հավաքագրելու է մասնակիցների և նրանց համար իրականացնելու է տեղական ինքանակառավարմանը մասնակցության թեմայով դասընթացներ։ Շուշանիկը նշում է,- «Ես ակնկալում եմ, որ ծրագրին կմասնակցեն առնվազն 100-120 բնակիչներ մեր 12 բնակավայրերից։ Ծրագրի մյուս կարևոր գործնական բաժինը դա համայնքային կարիքների բացահայտման հետազոտությունն ու դրա հիման վրա առաջարկությունների ներկայացումն է ՏԻՄ-ին»։
- Հասմիկ Ղարագոզյանը, ով Սյունիքի մարզի Տաթև բազմաբնակավայր համայնքի Հալիձոր բնակավայրից է, իրականացնելու է «Երկու սերունդ հանուն մեկ նպատակի» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Նպաստել մանկապարտեզի միջավայրի բարելանմանը կանանց հզորացման միջոցով: Հասմիկը նշում է,- «Ծրագիրը մի քանի մեծ բլոկներից է բաղկացած։ Մենք նախ պետք է կազմակերպենք կարողությունների զարգացման դասընթացներ ՏԻՄ-ի, համայնքային կարիքների բացահայտման և այլ թեմաներով, որոնք կկրեն շարունակական բնույթ։ Մենք ծրագրով նախատեսում ենք նաև ամրացնել կանանց և ՏԻՄ-ի կապը, որպեսզի նրանք ավելի մատչելի ձևով կարողանան համագործակցել, ինչպես նաև նախատեսում ենք կարիքների գնահատումից հետո հզորացնել մանկապարտեզի նյութատեխնիկական բազան»։
Նշենք, որ ծրագրերի իրականացման ընթացքում շահառու կանայք համագործակցում եմ իրենց ՏԻՄ-երի հետ և նրանց հետ կնքել են համագործակցության հուշագրեր։
Երկրորդ հոդվածը հասանելի է այստեղ