Ծրագրի նախագծում և կառավարում դասընթաց Դիլիջան 5-7 մարտի 2013թ.

Մարտի 5-7-ը Դիլիջանում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ Լոռու և Տավուշի մարզերի 10 համայնքների Համայնքային աշխատանքնային խմբերի 8-ական անդամների համար կազմակերպվել էր դասընթաց` Ծրագրի նախագծում և կառավարում թեմայով:
Այս միջոցառումը ՀԿ Կենտրոնի անձնակազմի, համայնքների ներկայացուցիչների գնահատմամբ որակվեց հաջողված: Հաջողված էր մի քանի տեսանկյունից.

 Մասնակցություն:

Ծրագրի շրջանակներում առաջին անգամ էր, որ այդքան համայնքներից /10 համայնք/ այդքան թվով մասնակիցներ /80 մարդ/ այդքան տևողությամբ /3 օր/ գտնվում էին մեկ վայրում: Կազմակերպող կողմի համար մտահոգություն էր մասնակցության ապահովումը, քանի որ դասընթացը նշանակված էր աշխատանքային օրերին, իսկ ՀԱԽ-ը լինելով ներկայացուցչական մարմին, իր մեջ ընդգրկում է բազմազբաղ մարդկանց` համայնքապետարանների աշխատակիցներ, ավագանիներ, ՀԿ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, անհատներ: Մասնակցությունն ապահովվեց. Բոլոր համայնքներից եղան համապատասխան թվով, նույնիսկ ավելի մասնակիցներ:

Անժելա Սաղաթելյան, մարզային համակարգող. «Մասնակցության հետ կապված իմ սպասումներն արդարացան, բավական է նշել, որ ծրագրում ընդգրկված ամենամեծ համայնքից՝ Վանաձորից, այս դասընթացին մասնակցեցին ՀԱԽ-ի 12 անդամ, այն էլ սեփական ներդրումով»:

Գիտելիք, կարողություն, հմտություն:

ՔՀՏԻԱ ծրագրի իրականացման ընթացքում մի քանի անգամ տարբեր թեմաներով դասընթացներ են կազմակերպվել ՀԱԽ անդամների համար,  սակայն դրանք հիմնականում կազմակերպված են եղել միջինում 2-4 մարդու համար, ինչը կազմել է միջին մեծության ՀԱԽ-ի /16 անդամ/ 25%-ը: Այս տարի նախ տեղի է ունեցել ՀԱԽ-ի վերակազմավորում և անդամների թիվը նվազեցվել 10-12 մարդու և ապա կազմակերպվել է դասընթաց 8 անդամի համար, ինչը նշանակում է, որ  ՀԱԽ-ի մոտ 70%-ը ձեռք է բերել գիտելիք ամենաառանցքային թեմայի` ծրագրի առաջարկի մշակման մասին: ՀԱԽ-ի այն անդամները, ովքեր նախկինում մասնակցել են նման թեմայով դասընթացի, իրենց հավաստմամբ խորացրել ու մարապնդել են գիտելիքները, իսկ նորընտիր անդամները ձեռք են բերել ծրագրի հետ կապված ելակետային և հիմնարար գիտելիքներ: Դասընթացը վարել են ոլորտում փորձ ունեցող դասընթացավարներ, որոնց փորձը, ընտրած մեթոդիկան, բերած օրինակներն ու կազմակերպած գործնական աշխատանքները նպաստել են նյութի հեշտ յուրացմանն ու ընկալմանը:

Գրիշա Պառավյան, Վանաձորի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսություն եւ բարեկարգման բաժնի պետ. «Հիմա ես հասկացա, թե ինչ է նշանակում ծրագիր գրել, նախկինում ես անգամ պատկերացում չունեի  և ինձ թվում էր, թե դա մի շատ բարդ գործընթաց է»:

 Թիմային աշխատանք: 

Դասընթացը կազմակերպվել էր սեփական համայնքից հեռու, ինչը նպաստում էր, որ ՀԱԽ անդամները կտրվեն իրենց առօրյա հոգսերից ու գործերից և կենտրոնանան իրականացվող աշխատանքների վրա: Դասընթացին մասնակցում էին ՀԱԽ 8 անդամներ, ինչը կարևոր գործոն էր տեղում ծագած ցանկացած հարցի շուրջ քննարկումներ ծավալելու և լուծումներ կանխորոշելու համար: Դասընթացի բոլոր գործնական աշխատանքների ընթացքում յուրաքանչոյւր համայնքի ՀԱԽ ներկայանում էր որպես մեկ խումբ և յուրաքանչյուր թեմա ուսումնասիրելիս աշխատում կենկրետ հենց իրենց համայնքի մեկ հիմնախնդրի, մեկ ծրագրի և դրա իրականացման հնարավոր տարբերակների շուրջ: Վերոշարադրյալը նպաստեց յուրաքանչյուր համայնքի ՀԱԽ-ում թիմային աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը:

Տեր Վիգեն, Ախթալայի Սբ Աստվածածին Եկեղեցու քահանա. «Եթե նման ֆորմատով դասընթաց անցկացվեր մեկ տարի առաջ, երբ նոր էր սկսվել ծրագիրը, շատ ավելի արդյունավետ կգործեր մեր ՀԱԽ-ը»:

 Միջհամայնքային կապեր ու համագործակցություն:

3 օր շարունակ 10 համայնքների 8-ական ներկայացուցիչներ ապրեցին, շփվեցին, սովորեցին, մտածեցին, աշխատեցին, պլաններ կազմեցին մեկ վայրում, համատեղ: Ուշադրությամբ լսեցին միմյանց ուժեղ ու թույլ կողմերը, քննարկեցին հիմնախնդիրները, լուծումներ առաջ քաշեցին, կիսվեցին փորձով, խորհուրդներ տվեցին ու ստացան, սրտացավություն ցուցաբերեցին ու ի սրտե հաջողություն մաղթեցին, համատեղ գործողությունների պայմանավորվածություններ ձեռք բերեցին ու միջհամայնքային կապեր ստեղծեցին:

Անուշ Սարգսյան, Դեբեդի ՀԱԽ-ի անդամ. «Դասընթացը մեզ հնարավորություն տվեց պատկերացում կազմել այլ համայքների խնդիրների մասին, ապրել դրանցով, ջանացավություն ցուցաբերել ու ձգտել դրանց լուծմանը, մյուս համայնքների փորձը շատ լավ օրինակ է սեփական համայքում հոջող գործունեություն ծավալելու համար»:

Հետադարձ կապ:

Դասընթացի 3-րդ օրվա վերջում կազմակերպվեց ամփոփում եւ հետադարձ կապ: Բոլոր երեք աշխատանքային խմբերը հավաքվեցին մեկ սրահում՝ կազմելով միասնական շրջան, բոլոր մասնակիցները մեկ առ մեկ արտահայտվեցին, ներկայացրին իրենց կարծիքը դասընթացի եւ նրա առանձին բաղադրիչների, դրանց օգտակարության ու արդյունավետության մասին: Չկար անգամ մեկ մասնակից, ով չկարևորեր դասընթացի անհրաժեշտությունը: Ամփոփման վերջին հատվածը կազմակերպվեց ՀԿ Կենտրոնի ղեկավար Արփինե Հակոբյանի նորարար գաղափարով եւ անմիջական ներդրմամբ: Նրա խնդրանքով մասնակիցները փակեցին աչքերը եւ սկսեցին երազել, մտովի պատկերացնել սեփական համայնքի տեսլականը. Համայնքի բնությունը, ճարտարապետական տեսքը, մարդկանց, տրամադրությունն ու հոգեվիճակը: Յուրաքանչյուրին առաջարկվ

եց իր երազում գտնել իրեն, տեսնել իր դերը, նայել սեփական աչքերի մեջ ու ինքն իրեն խոստանալ, որ հասնելու է այդ տեսլականին, սեփական ձեռքերով կառուցելու է իր երազած համայնքը, իսկ այդ ճանապարհին  սահմանել առաջին նպատակը, որ պետք է իրականացնեն առաջին տարում: Երբ բոլորը բացեցին աչքերը, նրանց առաջարկվեց սահմանված նպատակը գրի առնել նախապես տրամադրված թղթերի վրա, դրանք դնել ծրարների մեջ, վրան գրել սեփական հասցեն:

Մեկ տարի հետո դասընթացի մասնակիցները կստանան իրենց նամակները, որտեղ սահմանված է նպատակ եւ որը պետք է իրագործած լինեն մինչ այդ: Սա յուրահատուկ մեթոդ էր, որ ստիպեց ներկաներին վերագնահատել սեփական ուժերը, տեսնել թե ուր են գնում եւ ինչի են ձգտում, մղեց առաջին քայլին ու առաջին նպատակի իրականացմանը, որպեսզի մեկ տարի հետո, երբ ստանան իրենք իրենց հասցեագրած նամակը, հպարտությամբ արձանագրեն, որ այդ նպատակը այլեւս իրականություն է:

 

Գանձաքար համայնքի ՀԱԽ համակարգող Զարմայիլ Մարդանյան. «Շնորհակալություն, հատկապես վերջի համար, քանզի այն շատ պարտավորեցնող էր ու ավելի ազդեց մարդկանց վրա, մղեց գործունեության ի նպաստ սեփական համայնքի»:

 

ՀԱԽ-երը իրենց համայնքներ վերադարձան մեծ ոգևորությամբ, ինչ-որ բան փոխելու մտադրությամբ և նմանատիպ միջոցառումների հաճախակի կազմակերպման ակնկալիքով: