Դսեղի “Համայնքային միջոցառումներին արժանավայել մակարդակ” ծրագրի բացում

Նոյեմբերի 16-ին Դսեղում տեղի ունեցավ “Համայնքային միջոցառումներին արժանավայել մակարդակ” ծրագրի շրջանակներում վերանորոգված դահլիճի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվել էր Քաունթերփարթ Ինթերնեշնլի /ՔԻ/ Քաղաքացիական հասարակության և Տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում, ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, ներդրում էին ունեցել նաև Ջինիշիան Հիշատալի հիմնադրամը /ՋՀՀ/ և Դսեղ համայքը:

Վերանորոգված և գույքով համալրված դահլիճն` իր հարակից սենյակներով, օգտագործվելու է ինչպես Տիկնիկային փառատոնի ներկայացումների, այնպես էլ ավագանու նիստերի, հանրային քննարկումների, համայնքային ժողովների, դասընթացների և այլ միջոցառումների կազմակերպման համար:

 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը, ՔԻ-ի Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավար Հայաստան Ստեփանյանը, ՋՀՀ-ի ներկայացուցիչ Գևորգ Աբովյանը:

 

Միջոցառման մշակութային մասում պարային կատարումներով հանդես եկավ Դսեղի Մշակույթի տան “Զարթոնք” պարային համույթը, 9-րդ դասարանի աշակերտները բեմադրեցին ներկայացում` թումանյանական մոտիվներով: