Լոռու մարզի Ձորագյուղ համայնքից հայտնի սրբավայր՝ Հնեվանք, այսուհետ կարելի է հասնել ոչ միայն ոտքով՝ դժվարանցանելի ճանապարհներով, այլեւ՝ հեծանվով: Այս մասին yerkirmedia.am-ին տեղեկացնում են Ձորագյուղից։ 4.5 կմ երկարությամբ նորաբաց հեծանվային արահետը խորհրդային տարիներին սայլի համար նախատեսված ճանապարհ էր, բայց տասնամյակներ չօգտագործվելուց՝ փակվել էր:
«Դբա Ձորագյուղ» ծրագիրը նպատակ ունի Լոռու մարզում զարգացնել էկո, հեծանվային և գյուղական համակցված տուրիզմը: Ձորագյուղ համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանն ասում է, որ հեծանվային արահետի գաղափարը մշակել են «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության հետ:
Նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Հողային աշխատանքներ են իրականացնել, լեռնային արահետ բացել, աղբամաններ ու ցուցանակներ տեղադրել, արգելապատնեշներ կառուցել:
Արահետով միաժամանակ կարող է անցնել 5 հեծանվորդ: Նորաբաց ճանապարհն առաջինը փորձարկել են սիրողական հեծանվասպորտով զբաղվողները:
Մարզական բաղադրիչից բացի` ծրագիրը նախատեսում է ծանոթություն Ձորագյուղ եւ Կուրթան համայնքների պատմամշակութային հուշարձանների հետ: Ընդհանուր առմամբ 11 կմ երկարությամբ երթուղին սկսվում ու ավարտվում է Ձորագյուղում: Այստեղ եկեղեցուց հեծանվորդները շարժվում են Կուրթան համայնք, հասնում 7-րդ դարում հիմնված Հնեվանք, հետդարձին Ձորագյուղի 10-13-րդ դարերի «ՔիրուԱխպեր» ամրոցն է, 10-րդ դարի խաչքարերը:
Համայնքում արդեն պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկների: Գյուղում 3 հյուրատուն է բացվել: Երիտասարդներն էլ պատրաստ են հյուրերին ուղեկցելու նորաբաց արահետով: Ծրագրի շրջանակում 10 ձորագյուղցի վերապատրաստվել է որպես ուղեկցորդ, մասնակցել առաջին բուժօգնության, էկոլոգիական, գյուղական եւ հեծանվային տուրիզմի դասընթացների:
Համայնքի ղեկավարն ասում է, որ հեծանվային արահետի բացումը միջոց է զբոսաշրջության, հյուրատնային բիզնեսի եւ համայնքի զարգացման համար: