«Վանաձոր Ինֆոտուն» Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը մայիսի 28-29-ին Դիլիջան քաղաքում կազմակերպել էր “Ինֆոտունն ավանդական եւ այլընտրանքային մեդիայի խաչմերուկում” թեմայով, “Բաց տարածք” մեթոդով հանդիպում: Վերջինս նպատակ ուներ մեկտեղելու ՀՀ-ում մեդիա ոլորտի հիմնախնդիրներով մտահոգված և որոշակի ռեսուրսներ տնօրինող կառույցներին և անհատներին` միասին մտածելու, քննարկելու, լուծումներ գտնելու համար:
“Բաց տարածք” մեթոդի ձևաչափն իրենից ներկայացնում է երկարատև սուրճի ընդմիջում, որը հնարավորություն է տալիս մարդկանց առավել անկաշկանդ խոսել իրենց մտահոգող թեմաների մասին, գտնել համախոհների և նախանշել հիմնախնդիրների լուծման հնարավոր եղանակներ:
Բաց տարածքին մասնակցեցին շուրջ 35 ներկայացուցիչներ՝ ավանդական եւ ոչ ավանդական ԶԼՄ-ներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, Վանաձոր Ինֆոտուն ծրագրի մասնակիցներ, ներկայացուցիչներ Գյումրու, Իջեւանի, Արարատի, Վայքի եւ Մարտունու Ինֆոտներից, տեղական պետական կառույցների հանրային կապերի պատասխանատուներ:
Բաց տարածքի ընթացքում քննարկվեցին մեդիա ոլորտի 6 հիմնախնդիրներ՝ իրենց լուծումներով, արդյունքում ստեղծվեց եւ բոլոր մասնակիցներին տրամադրվեց մասնակիցների միջոցով գրված և իրենց աշխատանքներն ամփոփող գիրք, հիմք դրվեց հետագայում համագործակցելու եւ մեդիա ոլորտի հիմնախնդիրների շուրջ ցանցեր ձևավորելու, համախոհների մեծ դաշտ ունենալու, ինչպես նաեւ նախագծեր իրագործելու համար:
Հանդիպումն իրականացվում էր «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնգամյա գործընթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը, Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը եւ Ինտերնյուսը Երեւանի մամուլի ակումբի եւ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետ համատեղ: