ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Մեթոդական ուսուցողական աջակցություն ԼՂՀ պետական երիտասարդական քաղաքականությանը և հասարակական կազմակերպություններին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-30-ը Հայաստան այցելեց ԼՂՀ պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված երիտասարդական պատվիրակությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ «Երիտասարդական ալիք» ՀԿ-ն կազմակերպեց Վանաձորի պետական, հոգևոր և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ արցախցի երիտասարդների հանդիպումը: Նրանք նախապես ներկայացրել էին այն հարցերի մոտավոր շրջանակը, որոնց մասին կցանկանային տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալ:
Հանդիպման սկզբում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ներկայացուցիչ Արևիկ Հեբոյանը համառոտ ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրներն ու առանձնահատկությունները: ԼՂՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակից Արմինե Հայրապետյանը հույս հայտնեց, որ հանդիպումն արդյունավետ կլինի հետագա համագործակցության առումով և տեղեկություններ հաղորդեց ԼՂՀ պատվիրակության՝ նախորդ օրերի հանդիպումների և այցելությունների վերաբերյալ: Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը խոսեց թեմի գործունեության, համայնքներում
և երիտասարդների հետ տարվող աշխատանքների մասին: Նա ընդգծեց հոգևոր արժեքների պահպանման գործում երիտասարդների դերը և ներկայացրեց նրանց ուղղված ծրագրերը, այնուհետև պատասխանեց արցախցի երիտասարդների բազմաբնույթ հարցերին: Թերևս միայն ժամանակի սղությունը խանգարեց հոգևոր այրին բոլոր հետաքրքրող հարցերն ուղղելու և ավելի շատ թեմաների անդրադառնալու համար:
Փոխանցելով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ողջույնները հանդիպման մասնակիցներին, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը խոսեց Լոռու մարզում իրականացվող երիտասարդական և մշակութային ծրագրերի մասին: Նա նշեց նաև ԼՂՀ-ի հետ՝ մասնավորապես Լոռու մարզ-Մարտակերտի շրջան համագործակցության, ինչպես նաև Լոռու մարզի և Արցախի մյուս շրջանների հետ համագործակցության պատրաստակամության մասին:
«ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ մարզային համակարգողներ Անժելա Սաղաթելյանը և Հերմինե Գասպարյանը համառոտ ներկայացրեցին «ՀԿ կենտրոնի» իրականացրած և ընթացիկ ծրագրերը: Նրանք առավել ուշադրություն հատկացրեցին համայնքային ծրագրերի ներկայացմանը: Արցախի ներկայացուցիչների համար բավական հետաքրքիր և ուսանելի էր տեղեկանալ համայնքներում երիտասարդների հետ տարվող աշխատանքների և նրանց՝ համայնքային խնդիրների լուծման գործում ներգրավելու մեխանիզմների մասին: Հետագա համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց: Հարկ է նշել, որ հանդիպումը տեղի ունեցավ «ՀԿ կենտրոնի» տեխնիկապես հագեցած դահլիճում:
«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը խոսեց կազմակերպության գործունեության և կրթական ծրագրերի, Մարդու Իրավունքների գրադարանի և ստեղծվելիք Դպրոցի մասին: Հյուրերը սիրով ընդունեցին ՀՍԻԿ-ի գրասենյակ այցելելու նրա հրավերը:
Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի կողմից ներկայացված վերամասնագիտացման, աշխատանք փնտրողներին, գործատուներին և երիտասարդներին ուղղված ծրագրերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին Արցախի պատվիրակների մոտ: Հարց ու պատասխանն էլ վերաբերում էր հիմնականում այդ ծրագրերի իրականացման սկզբունքներին ու մեխանիզմներին:
Ծրագրերի իրականացման փորձառությամբ կիսվեցին նաև «Երիտասարդական ալիք» ՀԿ նախագահ Ռազմիկ Սարդարյանը և փոխնախագահ Անի Գաբրիելյանը, ցուցադրվեցին ՀԿ-ի գործունեության մասին պատմող տեսանյութեր:
Արմինե Հայրապետյանը նշեց, որ հանդիպումը բազմաթիվ գաղափարներ տվեց, որոնք անհրաժեշտ է վերածել երիտասարդության բնագավառում համագործակցության արդյունավետ ծրագրերի և կյանքի կոչել համատեղ ջանքերով:
Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին ՀՍԻԿ-ի գրասենյակ, ծանոթացան գրադարանի ֆոնդին և ստացան ոչ միայն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, այլև անակնկալ նվերներ՝ Արցախի գրադարանների և կազմակերպությունների ֆոնդերի համալրման համար նախատեսված հարուստ և արժեքավոր գրականությունություն:
«Ֆորտունա» Հ/Ը խմբագրությունում հարցազրույցի ժամանակ պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրեցին ստացած տպավորությունները, պատասխանեցին Արցախում երիտասարդության բնագավառին վերաբերող մի շարք հարցերի: