Ավարտվեց ՏԺԴ Լոռու դասընթացների փուլերը

Լոռու մարզում ավարտվեց ՏԺԴ դասընթացների հերթական փուլը: Տեղական ժողովրդավարության դպրոցը շարունակական դասընթացների ու միջոցառումների շարք է, որի նպատակն է ՀՀ համայնքներում պատրաստել ակտիվ ու ժողովրդավար երիտասարդ մասնագետներ, որոնք, տեղական ինքնակառավարման ու հարակից գործառնական ոլորտներում ունենալով անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ, նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացնելու գործում: Այն հիմնադրվել է Համայնքների ֆինանսիստների միավորուման, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ու  Տեղեկատվական համակարգերի զարգացման ու վերապատրաստման կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Դպրոցը կրում է ոչ ստացիոնար բնույթ. իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի տարբեր համայնքներում, ընդ որում՝ միաժամանակ մի քանի վայրում։ Լոռու մարզում Տեղական ժողովրդավարության դպրոցի աշխատանքները համակարգվում են ՀԿ Կենտրոնի կողմից։

 

 

Լոռու մարզում ՏԺԴ հերթական դասընթացները մեկնարկեցին անցած տարվա դեկտեմբերին, այս անգամ՝ առցանց եղանակով։ Մասնակցության համար մարզի տարբեր համայնքներից հավաքագրվել էին տարբեր զբաղվածության տեր երիտասարդներ, որոնց ՏԺԴ-ի շուրջ միավորել էր հանրային կառավարման և մասնավորապես տեղական ինքնակառավարման ոլորտի հանդեպ ունեցած հետաքրքրությունը:

ՏԺԴ դասընթացաշարը իրականացվել է երեք փուլով։ Բոլոր դասընթացները ուղեկցվել են գործնական առաջադրանքներով, որոնք մշտապես ստուգվել ու մանրամասն վերլուծության են ենթարկվել դասընթացավարների կողմից:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ դասընթացավարների շարքում նաև ՏԺԴ նախկին շրջանավարտներ էին, որոնք ակտիվություն ու մեծ հետաքրքրվածություն ցուցաբերելու արդյունքում հնարավորություն են ստացել մասնակցելու լրացուցիչ վերապատրաստումների ու հանդես գալու արդեն որպես դասընթացավարներ։

Դասընթացների առաջին եռօրյայի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին տեղական ինքնակառավարման համակարգի տեղն ու դերը հանրային կառավարման համակարգում, ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկությունները, համայնքի աշխատակազմի կառուցվածքը, տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցությունն ու մարդու իրավունքները համայնքային կառավարման համատեքստում։ Սովորեցին նաև, թե ինչ է քննադատական մտածողությունը, և ինչի համար է այն անհրաժեշտ:

Երկրորդ փուլում, որը տեղի ունեցավ հունվարին, մասնակիցները ուսումնասիրեցին համայնքի տնտեսական զարգացման, կազմակերպության կառավարման թեմաները:

Երրորդ փուլը տեղի ունեցավ փետրվարին: Առաջին դասընթացը առնչվում էր համայնքի բյուջեին ու զարգացման ծրագրին, դրանց մոնիթորինգին ու գնահատմանը, իսկ արդեն մյուս՝ վերջին դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին իրականացնել ծրագրերի նախագծում, մշտադիտարկում ու գնահատում: Վերջինս հատկապես պատահական չէր, քանի որ ծրագրի ավարտական փուլում մասնակիցները հնարավորություն են ունենալու մշակելու և իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր, որն էլ մասնակիցների համար ՏԺԴ-ի թերևս ամենահետաքրքիր կողմն էր։

ՏԺԴ-ի մասնակիցներից կիսվել են նաև իրենց տպավորություններով, պատմել ծրագրին դիմելու դրդապատճառների, ունեցած սպասելիքների մասին։

Լոռու մարզի Լեռնապատ համայնքից Լիաննա Աբազյանը նախկինում մասնակցել է ՏԺԴ դրամաշնորհների շրջանակներում Լոռու մարզում կազմակերպված «Ակտիվ երիտասարդ» դպրոցին, որն էլ նրա համար առիթ դարձել է ՏԺԴ-ին մասնակցելու մեծ ցանկության համար։ «Ծրագրից ունեցած սպասելիքներս լիովին արդարացել են։ Շատ դասընթացների եմ մասնակցել, սակայն ՏԺԴ-ն տարբերվում է նրանով, որ ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ընդլայնում է աշխարհայացքդ, ստիպում մտածել համայնքիդ ամեն կերպ օգտակար լինելու մասին»,-ասում է Լիաննան։

Լիլյա Դուլունցին ՏԺԴ էր բերել կառավարման ոլորտի հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ «Համայնքի ղեկավարման գործընթացին հետագայում մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գիտելիքներ, և այս դասընթացը այս առումով շատ հետաքրքիր էր ու մատչելի։ Դասընթացի ընթացքում տեղի էին ունենում հետաքրքիր քննարկումներ, տնային առաջադրանքները պահանջում էին օգտագործել ստեղծագործական ունակություններս։ Մոտ ապագայում առաջարկելու ենք համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք փորձելու ենք իրականացնել։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է»,-ասում է նա։

Շուտով ՏԺԴ առցանց ուսուցման հարթակում կամփոփվեն վերջին փուլի ամփոփիչ թեստերի արդյունքները, և մասնակիցների կսկսեն դրամաշնորհային ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացը։

 

 

 

 

Նյութը պատրաստեց ՀԿ Կենտրոնի PR թիմը