Անունս կին է․ Մարուսյա Բալայան

Մարուսյա, կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին. ի՞նչ մասնագիտություն ունեք, ինչո՞վ եք զբաղվում:

Մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Քիչ եմ աշխատել իմ մասնագիտությամբ,  չնայած մտածում եմ, որ նորից մասնագիտություն ընտրելու հնարավորության դեպքում դարձյալ ժուռնալիստիկան կընտրեի: Արդարության ջատագով եմ: Սիրում եմ աշխատել մարդկանց հետ, հեշտ եմ հաղորդակցվում: Մարդը,  անկախ իր սոցիալական, էթնիկ, ռասայական ծագումից, ինձ համար արժեք է: Դրանով է պայմանավորված նաև իմ երկար տարիների գործունեությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հումանիտար ծրագրերում: Ներկայումս Ստեփանավան համայնքի ղեկավարի օգնականն եմ:

 

Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել դրամաշնորհների մրցույթին:

Ուզում եմ,  որ Ստեփանավանը  լինի համայնք՝ բոլորի համար: Դրա ձգտումով եմ  նախագծել «Անունս կին է»  ծրագիրը,  որի  նպատակն է Ստեփանավան քաղաքում տեղական մակարդակում  կանանց նկատմամբ առկա  կանխակալ  և կարծրատիպային վերաբերմունքի նվազեցմանը նպաստելը՝ ՏԻՄ-ի կարողությունների  զարգացման,  քաղհասարակության կանանց  հզորացնելու, համայնքում կանանց ներուժի, հնարավորությունների նկատմամբ վստահություն սերմանելու և կարծրատիպերը կոտրելու  միջոցով:

 

  Ինչպե՞ս առաջացավ ծրագրի գաղափարը:

Կանանց և տղամարդկանց անհավասարությունն այսօր Հայաստանում, մանավանդ հեռավոր մարզերում բավականին արդիական է: Անհավասարության դրսևորումներ կարելի է նկատել ամենուր` սկսած ընտանիքից, վերջացրած հանրային  միջավայրով։ Ստեփանավան քաղաքում  շատ են հատկապես  անհավասարության թաքնված դրսևորումները, որոնք   համարվում են բնական և այդ պատճառով էլ ընդունելի են մեծամասնության  համար՝  որպես սովորական դարձած մի բան։  Այս երևույթը դրսևորվում է չգիտակցված խտրականության և բռնությունների ձևով: Դրա վկայություններից մեկն էլ   արու  զավակի  նախընտրության  բարձր ցուցանիշն է: Ստեփանավան քաղաքում կանանց գիտելիքների և հմտությունների պակասը, տարբեր մակարդակներում (միջանձնային, մշակութային, ինստիտուցիոնալ) առկա կարծրատիպային  և  կանխակալ   վերաբերմունքը  կանանց դուրս են մղում  տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելուց՝ ստեղծելով գենդերային   անհավասարակշիռ վիճակ: Սրա հետևանքով է, որ կանայք և տղամարդիկ հավասարապես չեն ներառված որոշումների ընդունման գործընթացներում և ներկայացված չեն  համապատասխան  մարմիններում, որոշում կայացնողները  չգիտեն և չեն ճանաչում իրենց համայնքը գենդերի տեսանկյունից, և գենդերային շահերը հավասարեցված չեն. ահա այն հիմնական պատճառները, որոնք  ծնունդ տվեցին  ծրագրի գաղափարին, և  հենց այդ հիմնախնդիրների լուծմանն է միտված ծրագիրը:

 

Խորհրդանշական վերնագիր եք ընտրել՝ «Անունս կին է»: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Ընտրելով այդ վերնագիրը՝ ես ցանկացել եմ ընդհանրացնել բոլոր կանանց հիմնախնդիրները,  բայց միաժամանակ  ցույց տալ, թե ինչ հզոր ներուժ ունեն  բոլոր  նրանք, ովքեր  մեկ անունով կոչվում են ԿԻՆ:

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները, որտե՞ղ է այն իրականացվում:

Ծրագիրն իրականացվում է Ստեփանավան քաղաքում: Ուղղակի շահառուները ՏԻՄ  15 ներկայացուցիչներն են, ՀԿ-ներում, ՀՈԱԿ-ներում, համայնքային նախաձեռնող  խմբերում ներգրավված  12 կանայք և 10 դեռահասներ: Ընդհանրապես   ծրագիրը  3  տարբեր թիրախային խմբեր  ունի.

  1. որոշում կայացնողներ,
  2. կանայք
  3. դեռահասաներ:

Այս արհեստական բաժանումը կատարված է հետևյալ տրամաբանությամբ. որպեսզի որոշում  կայացնողները համայնքային պլանավորման ժամանակ  կարողանան  առանց նոր ռեսուրսներ ներգրավելու հաշվի առնել  կանանց և տղամարդկանց  շահերը, կանայք վստահություն ունենան սեփական ուժերով իրենց կյանքում դրական փոփոխություններ կատարելու, և դեռահասները  վաղ պատանեկան տարիքից հասկանան, որ  հասարակության մեջ  պետք է  լինի   սոցիալական դերերի՝ գենդերային  հավասարություն:

 

Իրականացման ո՞ր փուլում է գտնվում հիմա ծրագիրը:

Ներկայումս   Ստեփանավանի Ս. Սարգսյանի անվան  գրադարանի  թատերական խմբակի  պատանիներն ու աղջիկները պատրաստվում են հանդես գալ  ֆորում  թատրոնով, որոնց  թեմատիկան դարձյալ գենդերային հավասարությունն է, մարդկանց սոցիալական  դերերի վերաբերյալ  հասարակության մեջ  առկա  կարծրատիպերը: Ներկայացնելու են  կոնկրետ 2 իրավիճակ, որտեղ հանդիսատեսը  հնարավորություն է ունենալու փոխարինել  «ճնշվող»  սեռին՝  փորձելով   լուծել  ստեղծված իրավիճակը:

 

 

Դրվագներ ֆորում թատրոնի նախապատրաստական աշխատանքներից

 

Արդեն  ավարտել ենք նկարահանումները  Ստեփանավանում  գործունեություն ծավալող  այն  3  կանանց  մասին  մասին,  որոնք  ապրում  և գործունեություն են ծավալում  Ստեփանավանում, իրենց ոլորտներում  հասել են լուրջ  հաջողությունների  (բիզնես,  քաղաքացիական հասարակություն  և այլն),  լավագույն օրինակ  կարող են  լինել համայնքի  այն կանանց  համար, որոնք  վստահություն չունեն սեփական  ներուժի  նկատմամբ և ինչ-որ բան սկսելու համար զոհ են  գնում կարծրատիպերին: Ի դեպ, հերոսուհիների ընտրությունը միայնակ չեմ կատարել. ֆեյսբուքյան «Քաղաք Ստեփանավան»  էջի միջոցով, որն

անդրադառնում է ստեփանավանյան անցուդարձին, համայնքի բնակիչները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուին: Առավելագույնս  ներկայացված  կնոջ վերաբերյալ, իհարկե, իր համաձայնությամբ, պատրաստվում է հեռուստապատմություն: Ներկայումս աշխատանքները մոնտաժման փուլում են: Իսկ թե ովքեր են նրանք, օգտատերերը կիմանան փոքր-ինչ ուշ, երբ արդեն մեր կին հերոսուհիների մասին պատմող տեսանյութերն էկրանին կլինեն:

 

Հաջորդիվ ի՞նչ անելիքներ ունեք:

Պատրաստվում ենք  Ստեփանավանի ՀԿ-ներում, ՀՈԱԿ-ներում, համայնքային նախաձեռնող  խմբերում ներգրավված 16 տարեկանից  բարձր առնվազն 12 կանանց և աղջիկների մասնակցությամբ իրականացնել այլընտրանքային ռեսուրսների որոնման՝ ֆոնդհայթայթման,  ծրագիր գրելու   վերաբերյալ կարողությունների զարգացման   3-օրյա դասընթաց:

 

 

Դրվագներ ծրագրի շրջանակներում փետրվարի 14-ին իրականացված «Կանանց և տղամարդկանց (գենդերային) շահերը համայնքային պլանավորման մեջ» թեմայով 2-օրյա դասընթացից

 

Ի՞նչ մարտահրավերների եք հանդիպել/հանդիպում այս ընթացքում:

Մարտահրավերներն ի հայտ են գալիս  այն ժամանակ, երբ խոսում ես գենդերային հավասարության մասին, և  շատերը դա  նույնացնում են  համասեռամոլության  հետ, բայց չէ՞ որ  իրականում մարդն (կին, տղամարդ) ինքնաիրացվում է 2 ձևով՝  կենսաբանորեն  և  սոցիալապես:  Կենսաբանական սեռը, կարծում եմ, պարզ է, թե ինչն է, իսկ ա՛յ սոցիալական սեռը  գենդերն է, այսինքն, այն ամենը, ինչը պայմանավորված է  հասարակության մեջ   մեր ունեցած  դերերով:  Ուստի գենդերային հավասարությունը  բխում է  սոցիումում կանանց,   տղամարդկանց  հավասարության սկզբունքներից: 

Ո՞րն է ամենակարևորը արդյունքը, որ ծրագրի շրջանակներում կուզեիք ունենալ:

Ես ուզում եմ, որ արդյունքում մարդիկ կարողանան  նկատել սեռով պայմանավորված անհավասարությունների հատկապես  թաքնված դրսևորումները, որոնք հիմնականում խտրականություններ ու բռնություններ են և որպես կանոն՝ չգիտակցված են հասարակության լայն շերտերի համար, այդ իսկ պատճառով էլ  համարվում են բնական, ընդունելի  և սովորական դարձած մի բան: Եվ որ ոչ պակաս կարևոր է, հնարավոր լինի   այդ գիտելիքը տարածել նաև մյուս համաքաղաքացիների  շրջանում, փոխել  կարծատիպային վերաբերմունքը կանանց հնարավորությունների  և ներուժի  նկատմամբ, մի խոսքով՝ հնարավոր լինի ունենալ  համայնք՝  բոլորի համար:

 

 

Ի՞նչ է Ձե՛զ տալիս ծրագրի իրականցումը:

Այս ծրագրի հիմնախնդրին ես վաղուց եմ ծանոթ: Տարիներ շարունակ աշխատելով  ավելի քան 18 գյուղական  և քաղաքային համայնքներում՝ ողջ խորությամբ տեսել եմ  կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի խիստ անհավասարություն, հասարակության մեջ կնոջ, մեղմ ասած, նվազեցված դեր, գիտակցված ու չգիտակցված խտրականություններ, բռնությունների տարատեսակ դրսևորումներ, և այս բոլորը լոկ այն պատճառով, որ նրա անունը կին է: Բազմաթիվ են այն փաստարկված ուսումնասիրությունները, որտեղ երևում է, որ կանայք իրենց ներուժով  հասարակական կյանքում չեն զիջում տղամարդկանց, ուստի պետք չէ թերագնահատել նրանց: Այդուհանդերձ, ծրագրի իրականացումն ինձ թույլ է տալիս ընդգծելու Ստեփանավանում  կանանց հզորանալու  անհրաժեշտությունը, նրանց առկա ներուժը, բացելու իմ հայրենակից  կանանց աչքերը  և  շշնջալու նրանց ականջին՝  «Էհեե՜յ, ուշքի արի, անունդ ԿԻՆ է»:

 

 

 

 

Հարցազրույցը վարեց՝ Նարինե Գալոյան