Այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին իրականացվեց «Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել երիտասարդների ոչ ֆորմալ կրթության ընթացքում ստացած գիտելիքների և հմտությունների չափելի դարձնելուն, որոնք կօգնեն երիտասարդներին աշխատաշուկայում հեշտ տեղակայվելու համար։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է երիտասարդական աշխատողների վերապատրաստում թվային երիտասարդական աշխատանքի և մասնակվորապես կրթապիտակներ կոչվող գործիքի կիրառման թեմայով։ Ծրագրին մասնակցում էին 24 երիտասարդական աշխատողներ Լոռու, Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզերից։
Մասնակից երիտասարդական աշխատողները բացի վերապատրաստումից հնարավորություն ունեցան նաև 1 ամսից ավել մենթորություն անցնելու փորձառու ուսուցանողների մոտ, ովքեր աջակցեցին երիտասարդական աշխատողներին, որպեսզի նրանք պատրաստեն իրենց երիտասարդական աշխատանքի ոլորտին և գործունեությանն առնչվող կրթապիտակների համակարգեր։ Նրանք այս կրթապիտակները հետագայում կօգտագործեն իրենց շահառու հանդիսացող երիտասարդների հետ աշխատանքի ընթացքում։
Ծրագրի դասընթացավար-մենթոր Հերմինե Պապիկյանը նշում է,-«Թվային դարաշրջանում և թվային տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց կարևոր է նաև երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացումը այս ոլորտում՝ երիտասարդների հետ և նրանց կողքին համաչափ քայլելու համար։ Երիտասարդական աշխատողների թվային կարողությունների զարգացումը մի կողմից հետաքրքիր և այլընտրանքային է դարձնում իրենց իսկ աշխատանքը երիտասարդների հետ, մյուս կողմից թվային գործիքների կիրառումը հնարավոր է դարձնում իրականացված աշխատանքի արդյունքների փաստումը, որը երբեմն դժվար է լինում անել՝շեշտադրելով որակը, ոչ թե քանակը։ Այս առումով, այս դասընթացը կարևոր էր նրանով, որ տարբեր մարզերի երիտասարդական աշխատողներ համալրեցին իրենց թվային գործիքակազմը ևս մի գործիքով՝ կրթապիտակներով, որը, և՛ աշխարհում սկսում է լայն տարածում ունենալ ու ավելի զարգանալ, և՛ երիտասարդական աշխատանքը դարձնում է խաղարկային, 21-րդ դարի հտմությունների վրա հիմնված ու թափանցիկ կերպով փաստարկված»։
Արագածոտնի մարզի Օշական համայնքում երիտասարդական աշխատանքով զբաղվով Ռազմիկ Մնացականյանը ծրագրի մասին խոսելիս նշում է,- «Ծրագիրը չափազանց կարևոր էր, բավականին ինֆորմատիվ ու մատչելի, որը կարծում եմ ամենակարևորն է: Առհասարակ Հայաստանում նմանատիպ ծրագրերի կարիք կա. երիտասարդական ոլորտը ունի բանիմաց երիտասարդական աշխատողների պակաս: Մեր մարզում` Արագածոտնում այս ոլորտի համար մեծ բաց կա, իսկ այդ բացը լրացնելու համար մենք կարիք ունենք մյուս մարզերում ապրող մեր ընկերների հետ փորձի փոխանակման: Ուրախ եմ, որ բախտ ունեցա մասնակցելու այս ծրագրին ու համալրված նոր գիտելիքներով, ավելի վստահ քայլերով կքայլեմ առաջ»:
Երիտասարդական աշխատող Գոհարիկ Գրիգորյանը, ով «Ռեստարտ Գյումրի» ուսանողական – քաղաքացիական նախաձեռնության արտաքին կապերի պատասխանատուն է, նշում է,-«Որպես երիտասարդական աշխատող՝ շատ կարևոր եմ համարում նմանատիպ դասընթացներին մասնակցությունը և առավել ևս կրթապիտակների օգտագործման հմտությունների հետ կապված խորը և բազմաշերտ գիտելիքների ձեռքբերումը։ Դասընթացը շատ մեծ հնարավորություն էր ոչ միայն կրթապիտակների և դրանց հնարավորությունների հետ ծանոթացման, այլ նաև մի շարք հետաքրքիր և արդյունավետ գործիքների բացահայտման և ներկայում կիրառելու առումով»։
Մադլեն Մինասյանը, ով երիտասարդական աշխատանքով է զբաղվում Լոռու մարզում նշում է,– «Բավականին երկար ժամանակ, աշխատելով տարբեր ծրագրերի շրջանակներում երիտասարդների հետ, մշտապես կարևորել եմ նոր գիտելիքների ու հմտությունների յուրացումը, որոնք օգտակար կլինեն, թե՜ իմ և թե՜ երիտասարդների համար։ Յուրաքանչյուրս էլ ցանկացած աշխատանքի մեջ շատ ենք կարևորում խրախուսանքների առկայությունը։ Դրանք առաջին հերթին մոտիվացմում ու շարժի ուժ են հանդիսանում հետագա աշախտանքների համար։ Եթե հիմա յուրաքանչյուր նոր գիտելի, հմտության, կարողության ձեռքբերման կամ էլ թեկուզ կամավորական աշխատանքի համար խրախուսվում ենք վկայականներով կամ հավաստագրերով, այժմ թվային տեխնոլոգիաների առաջընթացը մեզ հնարավորություն է տալիս ստեղծել կրթապիտակներ։ Մասնակցելով վերապատասրաստմանը՝ լրացրեցի գիտելիքներիս այն բացը, որը կապված էր թվային տեխնոլոգիաների կիրառման հետ տվյալ ոլորտում։ Այժմ ցանկաված նոր ծրագրում պատրաատվում եմ կիրառել կրթապիտակները՝ մեծացնելով դրանց կիրառությունը երիտասարդների շրջանում։ Ինչու չէ, կիսվել բոլոր այն թվային տեխնոլոգիաների կիրառման հմտություններով, որոնք ձեռք բերեցի ամբողջ դասընթացաշարի ընթացքում։ Վստահ եմ,այս ժամանակակից փոփոխությունների առկայությունը միայն դրական կերպով է անդրադառնալու ոլորտի զարգացման վրա»։
Ծրագրի շրջանակներում մշակվել և շուտով էլեկտրոնային տարբերակով կհրապարակվի ուղեցույց-ձեռնարկը, որը պատմում է երիտասարդական աշխատանքի մասին՝ շեշտադրելով թվային երիտասարդական աշխատանքը, ինչպես նաև սովորեցնում է, թե ինչպես կարող են երիտասարդական աշխատողներն ու պարզապես երիտասարդները կիրառել կրթապիտակների համակարգը իրենց աշխատանքի ու կթության գործընթացներում։
ԾԱՆՈՒՑՈՒՄ․ Ոչ ֆորմալ կրթությունը գնալով դառնում է ժամանակի պահանջ, ֆորմալ կրթության բացերը լրացնելու միջոց։ Սա փաստում է նաև այն մարդկանց քանակն ու հետաքրքրությունը, ովքեր մասնակցում են ոչ ֆորմալ կրթության շրջանակներում կազմակերպվող կրթական միջոցառումներին, ցանկանում են ունենալ սերտիֆիկատներ, որ տրվում են ոչ ֆորմալ կրթության շրջանակներում ուսումնառության համար։ Թվային բաջերը (Digital Open Badges-www.badgecraft/eu/hy) նոր գործիք է երիտասարդական աշխատանքում և Արևելյան գործընկերության համատեքստում երիտասարդական քաղաքականությունների քննարկումներում։
«Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնը համագործակցում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի (“Reimaging Recognition” ծրագրի ներքո), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ-ի հետ։