ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ կազմակերպել քաղաքացիական հասարակության մարզային կոնֆերանս

«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության ու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ կազմակերպել էր քաղաքացիական հասարակության մարզային կոնֆերանս, որը տեղի ունեցավ Գյումրիի Վալե հանդիսությունների տան մեծ սրահում 23.04.2013թ-ին, ժամը 12:30-16:30:

Կոնֆերանսին մասնակցում էին Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ավելի քան 35 համայնքների հասարակական կազմակերպությունների, ոլորտային մասնագետների, ակտիվ խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների  ավելի քան 180 ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ “ՀԿ Կենտրոն” Քաղաքացիական 

Հասարակության Զարգացման ՀԿ-ի աշխատակից Սյուզան Հովսեփյանը` ներկայացնելով հանդիպման նպատակը, ապասելիքները, օրակարգը: Այնուհետև մասնակիցներին ողջունեց նաև Քաունթերփարթ Ինթերնեշնլ Կազմակերպության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարել Հոֆստրան: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը ներկայացրեց օրենսդրական գործընթացների ներկայիս իրավիճակը Հայաստանում և դրանց ընթացքին միջամտելու լավագույն ժամանակահատվածն ու մեթոդները: Այնուհետև մասնակիցները, ըստ իրենց կողմից նախապես ընտրված թեմատիկ ոլորտների, բաժանվեցին 10 խմբերի և տվյալ ոլորտների փորձագետների համակարգմամբ քննարկեցին համապատասխան բնագավառներում առկա հիմնախնդիրները:

Կոնֆերանսի նպատակն էր` հնարավորություն ընձեռել լսելի դարձնելու ՀՀ համայնքների բնակիչների և քաղաքացիական հասարակության ձայնն Ազգային Ժողովում և օրենսդրական լուծումներ գտնելու համայնքների առջև ծառացած հիմնախնդիրների լուծման համար:   

Մասնակիցները  բավականին ակտիվ էին և պատրաստված, բոլոր խմբերում քննարկումները ընթացան բուռն և արդյունավետ, յուրաքանչյուր ոլորտի համար վերհանվեցին հիմնախնդիրներ և ներկայացվեցին համապատասխան առաջարկներ:

Կոնֆերանսը հնարավորություն տվեց մարզերում գործող ՏԻՄ-երին, ՀԿ-ներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ կառույցներին, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում, վերհանել և ձևակերպել այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել օրենսդրական բարեփոխումների ճանապարհով: Վերհանված խնդիրները հիմք կհանդիսանան Երևանում ստեղծված աշխատանքային խմբերի համար, որոնք խնդիրներին կտան համապատասխան ձևակերպում, կհավելեն խնդիրների ցանկը, կմշակեն առաջարկներ և կներկայացնեն Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողով մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի սկիզբը: