Վանաձոր ԻնֆոՏունը 10 տարեկան է․ հարցազրույց Վահե Խաչիկյանի հետ

Հոդվածը www.erit.am երիտասարդական պորտալից

 

Ինտերնետը նոր-նոր էր մարզեր հասնում, իսկ Վանաձորում արդեն սովորում էին լինել ոչ միայն մեդիա սպառող, այլև ստեղծող։ 2011 թ․-ից հունիսին «Վանաձոր Ինֆոտունը» համայնքի և Լոռու մարզի երիտասարդների համար դարձավ կարողությունների և հմտությունների զարգացման հարթակ։

 

Հանրային քննարկումներ, դասընթացներ, մրցույթներ, տեղեկատվական արշավներ, ակցիաներ․ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել այստեղ։ Դրանց մասնակցել է շուրջ 7000 երիտասարդ։ Նրանց այստեղ «ինֆոտնեցի» են անվանում։ Ռեսուրս կենտրոնն ինֆոտնեցիներին զինում է այլընտրանքային մեդիայի, մեդիագրագիտության, քննադատական մտածողության, համայնքային մասնակցության, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտների վերաբերյալ գիտելիքներով։

Հիմնադրման 10-ամյակի առիթով erit.am-ը զրուցել է «Վանաձոր Ինֆոտան» համակարգող Վահե Խաչիկյանի հետ։
Հ․Գ․ Վանաձոր ԻնֆոՏունը «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի ծրագիրն է։ Այն իրականություն է դարձել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և մարզային գործընկեր կազմակերպությունների ջանքերով այժմ արդեն ինֆոտներ են գործում Հայաստանի բոլոր 10 մարզերի քաղաքներում՝ Արարատում, Արմավիրում, Գորիսում, Իջևանում, Մարտունիում, Վանաձորում, Վայքում, Գյումրիում, Հրազդանում և Թալինում։

-«Վանաձոր Ինֆոտան» նպատակը մեդիագրագիտությունը և նոր մեդիայի օգտագործումը խթանելն է։ Ի՞նչ մեթոդներով եք փորձել և փորձում հասնել այդ  նպատակին։

-Երբ «Ինֆոտունը» ստեղծվեց, այո,  հիմնական նպատակն այլընտրանքային մեդիայի տարածումն էր, նաև քաղաքացիներին սովորեցնելը, թե ինչպես օգտվեն մեդիա գործիքներից, սոցիալական մեդիայից։ 10 տարի առաջ այդ ամենը շատ նոր էր, ու բազմաթիվ մարդիկ չէին տիրապետում նման գործիքների։

Տարիների ընթացքում «Ինֆոտունն» իր ուղղվածությունը պարբերաբար փոխեց, տրանսֆորմացվեց։ Մշտապես աշխատել ենք Լոռու մարզի երիտասարդների մեդիագրագիտության  բարձրացման, քաղաքացիական ակտիվության խթանման, ինչպես նաև համայնքային մասնակցության ուղղությամբ, օգնել ենք մարզի երիտասարդներին զարգացնել իրենց գիտելիքներն ու դառնալ ակտիվ քաղաքացիներ։

Հիմա էլ «Ինֆոտունը» շարունակում է երիտասարդների հզորացմանն ուղղված գործընթացները՝  օգտագործելով տարբեր մոտեցումներ, գործիքներ ու լուծումներ։ Դրանք պարբերաբար փոփոխվում են երիտասարդների կարիքների գնահատման, նրանց հետ զրույցների, նրանց ցանկությունները հաշվի առնելու արդյունքում։

-Մինչ աշխատանքի անցնելը կամավոր ես եղել կառույցում։ Սեփական փորձով ի՞նչ խնդիրներ ես նկատել, որ հետո փորձել ես լուծել։

-Պատահական չէ, որ 10-ամյակը տոնեցինք Կամավորների միջազգային օրվա հետ միասին։ Կարծում ենք, որ կամավորությունը այն շարժիչ ուժն է, որի միջոցով երիտասարդները կարողանում են փոփոխություններ բերել իրենց համայնքներում։

Չեմ տեսել ինչ-որ խնդիրներ, որոնք առկա են, ու եկել դրանք լուծելու, պարզապես օգտվել եմ այն հնարավորություններից, որոնք ստեղծված են եղել, և նաև դրանց շնորհիվ հետագայում կարողացել եմ ներգրավվել կառույցի աշխատանքներում։

-Հնարավորությունները պարզ է, որ կային, բայց ի՞նչ նորություն, թարմություն ես բերել քո նախկին՝ կամավորության փորձի արդյունքում։

-Երբ դեռ կամավոր էի կազմակերպությունում, մենք մի նախաձեռնություն իրականացրինք, կոչվում էր «Խոսուն պատեր»։ Վանաձորում երբեք սթրիթ արտ չէր եղել, մենք առաջինն իրականացրինք։ Այս մշակույթը սկսեց տարածվել։ Երբ արդեն սկսեցի աշխատել, մյուս ինֆոտների հետ համագործակցությամբ մեր դրական փորձը կիրառեցինք նաև այլ մարզերում, այլ համայնքներում։

Նոր շունչ բերելը, իհարկե ․․․ Տարբեր մարդիկ տարբեր կերպ են իրենց գործունեությունը կազմակերպում։ Կարծում եմ՝ այդ հարցին կարող են պատասխանել այն շահառուները, որոնց հետ աշխատել եմ։

-Ի՞նչ արդյունքներ եք գրանցել անցած 10 տարում։ Որո՞նք են ամենակարևոր ձեռքբերումները։

-Այս հարցին սիրում եմ օրինակներով պատասխանել։ Մեր գործունեության արդյունքում բազմաթիվ երիտասարդներ կարողացել են իրենց գիտելիքներն ու հմտությունները այնքան զարգացնել, որ իրենց տեղը գտնեն աշխատաշուկայում, կարողանան ստացած գիտելիքները կիրառել նաև բարձրագույն կրթություն ստանալու ժամանակ։ Օրինակ՝ մեր կամավորներից մեկը, ով մեր կազմակերպած տարբեր դասընթացների է մասնակցել, հիմա համալսարանում հաղորդակցություն է սովորում, պարբերաբար նշում է, որ գրեթե ոչ մի նոր բան չի սովորում․ այն, ինչ պիտի սովորեր, արդեն իսկ գիտի «Ինֆոտան» դասընթացների շնորհիվ։

Ունենք կամավորներ, ովքեր մեր դասընթացներին, միջոցառումներին մասնակցելուց հետո ներգրավվում են որոշումների կայացման գործընթացներում, առաջադրվում են ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Սրանք ևս մեզ համար ցուցիչներ են, որ մեր գործունեությունն իր արդյունքը տալիս է։

Այս տարիների ընթացքում աշխատել ենք տարեկան 600-700 մարդու հետ, այսինքն՝ 10 տարվա ընթացքում մոտ 7000 մարդ է մասնակցել մեր միջոցառումներին։

-10 տարի առաջ քիչ էին կամ գրեթե չկային մեդիագրագիտությամբ և ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող կառույցներ։ Գուցե «Ինֆոտունը» դաշտում միակ խաղացողն էր, նկատի ունեմ՝ Վանաձորում։  Ինչպիսի՞ պատկեր է դաշտում հիմա։ Արդյո՞ք «մրցակիցների» հետ ունեք համագործակցություն, համատեղ նախագծեր։

-Այո, ճիշտ եք, նախկինում կազմակերպությունները, կառույցները շատ ավելի քիչ էին, բայց «ՀԿ կենտրոնը» երբեք իրեն չի դիրքավորում որպես այլ կազմակերպությունների մրցակից։ Անվանումն էլ՝ «ՀԿ կենտրոն», հենց այն մասին է, որ մենք համագործակցում ենք բոլոր կառույցների հետ, փորձում աջակցել նրանց։

Վանաձորում կան բազմաթիվ կառույցներ, որոնք աշխատում են երիտասարդների հետ։ Կան նաև կազմակերպություններ, որոնք հիմնադրվել են մեր շահառուների կողմից ու որպես դերակատարներ ներգրավված են մեր շահառուները։ Սա հնարավորություն է, որ հասարակությունն ավելի լավը դարձնելու համար համագործակցենք իրենց հետ։ Համագործակցում ենք բոլոր այն կառույցների հետ, որոնք հետաքրքրված են Վանաձորի, Լոռու մարզի երիտասարդների զարգացմամբ։

-Երիտասարդները, որոնք ընդգրկված են «Ինֆոտան» ծրագրերում, նաև համայնքային խնդիրներ են բարձրացնում։ Արդյո՞ք եղել են դեպքեր, երբ հանրայնացման արդյունքում այդ խնդիրները լուծվել են։

-Այո, կարող եմ ասել, որ քաղաքացիական լրագրության և համայնքային ակտիվիզմի տարբեր պրոցեսներում, երբ երիտասարդներին սովորեցնում ենք համայնքային խնդիրներ բարձրաձայնել և լոբբինգ անել, որ դրանք լուծվեն, ունեցել ենք օրինակներ, երբ այդ խնդիրները լուծվել են։

Դրանք եղել են, օրինակ՝ աղբահանության, կանաչապատման կամ ծառահատման հարցեր, որոնք իրենց լուծումը գտել են խնդրի մասին բարձրաձայնելու արդյունքում։ Օրինակ՝ աղբահանությունը տարբեր թաղամասերում լավ չի իրականացվել, մեր քաղաքացիական լրագրողներն այդ մասին հոդվածներ են պատրաստել, ինչից հետո ՏԻՄ-ը սկսել է այդ գործառույթն իրականացնել ավելի լավ։

-Առաջիկա քանի՞ տարվա համար ունեք նախանշած նպատակներ, ծրագրեր։ Որո՞նք են դրանք։

-Առաջիկա 2 տարիների համար ունենք մի ծրագիր, որ մեկնարկել է այս տարվա օգոստոսին։ Կոչվում է «Վանաձոր ԻնֆոՏուն․ Վերաիմաստավորելով»։ Նպատակը Լոռու մարզի երիտասարդների, ինչպես նաև ուսուցիչների և արվեստագետների կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը նպաստելն է՝ ստեղծելով նպաստավոր միջավայր։ Չորս բաղադրիչ ունի ծրագիրը։ Առաջինը քաղաքացիական և հետաքննական լրագրության ոլորտներում երիտասարդների կարողությունների զարգացումն է, որի արդյունքում նրանք կբացահայտեն և կհանրայնացնեն շահերի բախման դեպքեր։

Երկրորդը երիտասարդների ստեղծարարությանը նպաստելն է։ Երիտասարդների, մասնավորապես՝ ուսանողների շրջանում ուզում ենք կրճատել գրագողության դեպքերը։ Ուստի սովորեցնելու ենք՝ ինչպես տեքստեր մշակել, ինքնուրույն ստեղծել բովանդակություն։

Մեր երրորդ խնդիրը Վանաձորի խորհրդային անցյալի վերաիմաստավորումն է։ Աջակցելու ենք վանաձորցի ստեղծագործողներին, որպեսզի այդ թեմային նվիրված ֆիլմեր նկարահանեն։

Բացի այդ՝ փորձելու ենք կանխել պատանիների ու երիտասարդների շրջանում քրեական ենթամշակույթի տարածումը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ բռնության դեմ պայքարում երիտասարդների և ուսուցիչների ակտիվ ներգրավվածության համար։