«Կանայք համայնքում» հոդվածաշար. մաս 4

ՀԿ Կենտրոնը «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ և ԳՄՀԸ ծրագրերի շահառու կանանց տրամադրել է փոքր-դրամաշնորհներ, որոնց իրականացումը կբարձրացնի կանանց առաջնորդության ներուժը։

 

Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

 

Մենք շարունակում ենք հոդվածների շարք «Կանայք համայնքում» խորագրով, որոնց շրջանակներում ներկայացնում ենք դրամաշնորհառու կանանց գաղափարները, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկա ամիսներին իրենց համայնքներում։

 

 

Մարիամ Ստամբոլցյանը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքից է: Նա իրականացնելու է «Նոր տեխնոլոգիա, նոր առաջընթաց» ծրագիրը, որի նպատակն է Ախուրյան համայնքի տարեկան աշխատանքային պլանի մասնակցային մշակումը ապահովելու միջոցով համայնքում մասնակցային կառավարումը խթանելը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է ՏԻՄ-ի մասնագիտական կարիքների գնահատում և քարտեզագրում, ուղարկվելու են ներգրավման առաջարկներ ու ձևավորվելու է մասնագիտական խումբ, վերջինիս և ՏԻՄ աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվելու են դասընթացներ: Նախատեսվում է նաև ակտիվացնել սոց. մեդիայի հարթակներում համայնքի էջերը՝ այնտեղ պարբերաբար թարմ տեղեկատվություն (ՏԻՄ հաշվետվություններ, ընթացիկ գործունեությունը լուսաբանող նյութեր) տեղադրելու, համայնքի կարիքների վերաբերյալ տարաբնույթ նյութեր հրապարակելու միջոցով: Ծրագրի ընթացքում ապահովվելու է նաև կանանց մասնակցությունը ավագանու նիստերին և հանրային լսումներին, կատարված կարիքների գնահատման արդյունքների հիման վրա մշակվելու է առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվելու է ավագանուն՝ այն ՏԱՊ-ի մեջ ներառելու ակնկալիքով:

 

Շիրակի մարզից Նաիրա Աբրահամյանի ծրագրի նպատակը Շիրակի մարզի Արփի և Ամասիա համայնքներում կանանց հզորացումն ու տեղական ինքնակառավարման ոլորտում նրանց մասնակցությունը խթանելն է: Նա խնդիր է դրել ծրագրի միջոցով զարգացնել կանանց գիտելիքներն ու կարողությունները ՏԻՄ ընտրություններին մասնակցության ոլորտում, ավելացնել քաղաքացիական նախաձեռնությունները, աջակցել ՏԻՄ ընտրություններին կանանց մասնակցության մեծացմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կարիքների բացահայտմանն ուղղված հարցումների իրականացում, թեմատիկ դասընթացներ, հանդիպումներ կին ղեկավարների հետ, կլոր սեղան-քննարկումներ, ծրագրի նախաձեռնող խմբի ձևավորում, շահառու կանանց համար ընտրությունների ծրագրի մշակում և քարոզարշավի պլանավորում:

 

Լոռու մարզի Մեծավան համայնքից Մելինե Սուքիասյանը ծրագրում է Մեծավան համայնքում մասնակցային կառավարմանը նպաստելու նպատակով հիմնել համայնքի առաջնորդ կանանց խումբ: Նախատեսվում է կանանց համար կազմակերպել անձնային աճի ու հմտությունների զարգացման դասընթացներ: Դասընթացից ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան պրակտիկա անցնելու ՏԻՄ-ում՝ կցվելով քարտուղարությանը, համայնքապետի տեղակալին և հարկահավաքման բաժնին: Կիրականացվի նաև ֆոկուս խմբային քննարկումներ՝ բնակիչներին հուզող հարցերը բացահայտելու և գնահատելու նպատակով: Վերջիններս կբարձրաձայնվեն նաև համայնքապետարաններում և կներառվեն ՏԱՊ-ում: Ծարգրի շրջանակներում ձեռք բերված սարքավորումները նախատեսվում է հետագայում ծառայեցնել բնակչությանը տարբեր հաշվետվությունների ներկայացման, միջոցառումների կազմակերպման, առաջնորդ կանանց խմբի հետագա գործունեության համար:

 

Հասմիկ Ղարագյոզյանը Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրից է: Նա իրականացնելու է «Երկու սերունդ հանուն մեկ նպատակի» ծրագիրը, որի նպատակն է կանանց հզորացման միջոցով նպաստել մանկապարտեզի միջավայրի բարելավմանը: Նա իր առջև խնդիր է դրել բարելավել մանկապարտեզի նյութատեխնիկական բազան, խթանել ՏԻՄ-ի և կանանց համագործակցությունը, զարգացնել ՏԻՄ ոլորտում կանանց գիտելիքների մակարդակը: Ծրագրի շրջանակներում կատարվելու է մանկապարտեզի նյութատեխնիկական կարիքների գնահատում, կազմակերպվելու է ցուցակագրված գույքի և գրականության ձեռքբերման գործընթացը: Իրականացվելու է նաև համայնքների խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն, որը ներկայացվելու է ՏԻՄ ներկայացուցիչներին: Կանայք մասնակցելու են ՏԱՊ-ի մշակմանը: Կազմակերպվելու են նաև դասընթացներ ՏԻՄ-ին առնչվող և հետազոտության մեթոդների թեմաներով:

 

 

 

Նյութը պատրաստեց ՀԿ Կենտրոնի PR թիմը