Նորություններ

«Հանուն թափանցիկ, մատչելի եւ հաշվետու պետական գնումների» թեմայով «Բաց Տարածք»

16.05.2022

Մայիսի 13-14-ին Աղվերանում տեղի ունեցավ «Հանուն թափանցիկ, մատչելի եւ հաշվետու պետական գնումների» թեմայով «Բաց Տարածք» մեթոդով միջոցառումը «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ #TAAP» ծրագրի շրջանակներում։

 
Միջոցառմանը ներգրավված էին շուրջ 70 մասնակիցներ, ովքեր ներկայացնում էին ՀՀ բոլոր նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, մարզային և համայնքային տարբեր կառույցներ, ՔՀԿ սեկտորը, ԶԼՄ և բիզնես հանրույթը, ինչպես նաև անկախ փորձագիտական համայնքը։
 
 «2012 թվականից ի վեր մենք իրականացնում ենք այս ձևաչափով միջոցառումներ, որոնք օգնում են երկխոսության խթանմանն ու «ծանր» թեմաների քննարկմանը ոչ ֆորմալ միջավայրում։ #TAAP ծրագրով մենք աջակցում ենք պետական գնումների ոլորտի բարեփոխումներին, դրանց փաստահեն և տվյալների վրա հիմնված լինելուն»,- իր բացման խոսքում նշեց ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը։
 
 Միջոցառման բացման շրջանակներում պանելային ելույթներով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Գայանե Մկրտչյանը և TAAP համընկերության անդամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
 
 Ավագ Ավանեսյանն իր խոսքում մասնավորապես նշեց,- «Նման միջոցառումները մեզ համար չափազանց կարևոր են, որպեսզի մենք հասկանանք իրական կարծիքները ինչպես պետական հատվածի, մասնավոր հատվածի, հանրային հատվածի, խոսքը ոչ միայն գնում է ընդհանրապես թափանցիկության մասին, այլ նաև համակարգի արդյունավետության մասին, ինչքան շատ մարդ տիրապետի համակարգին, ապա բարձր է հավանականությունը, որ ոչ միայն խնդիրները կբացահայտվեն, այլև՝ հավանական լուծումները»։
 
 «ԴԱՏԱ ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է նաև «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» ծրագիրը, մեծ իմաստով նպատակ է հետապնդում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական կառույցների և մասնավոր սեկտորի միջև կրճատել ոչ միայն տարածությունը, այլև՝ հասկացությունների ընկալման տարաձայնությունը»,- նշեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Գայանե Մկրտչյանը։
 
 ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը իր խոսքում ասաց,- «Դեռևս 2014-ին ԻԱԿ-ն իր բացահայտումներով օրակարգ բերեց պետական դրամաշնորհների տրմադրման խնդիրներն ու դարձավ կարգի փոփոխության խթանիչ ուժերից մեկը, մենք համոզվեցինք՝ քաղհասարակությունը կարող է և պետք է դառնա տարբեր ոլորտներում բարեփոխումների նախաձեռնողն ու աջակիցը։ Սակայն այդ գործունեության համար տվյալների թափանցիկությունն ու հասանելիությունը կենսական նշանակություն ունեն»։
 
 
 Միջոցառման առաջին օրը խմբային քննարկումների միջոցով մասնակիցները դուրս բերեցին ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման առաջարկները և ցանցային համագործակցության տեսանկյունից արվելիք քայլերը։ Անկաշկանդ ու բաց միջավայրում մասնակիցները հնարավորություն ստացան երկխոսելու իրար հետ, ծանոթանալու ոլորտի շահագրգիռ կողմերի հետ և իմանալու, թե ինչպե՞ս կարող են համատեղ գնալ դեպի պետական գնումների ոլորտի բարեփոխումների ճանապարհով։ Մասնակիցները ծանոթացան նաև TAAP համընկերության կողմից իրականացված հետազոտություններին։
 
 Երկրորդ օրն արդեն ամփոփված տեսքով և տպագիր տարբերակով մասնակիցներին հանձնվեց իրենց կողմից քննարկված խնդիրները և լուծումները ներկայացնող ձեռագիր գրքույկը, ապա խմբերի ներկայացուցիչները ներկայացրեցին քննարկված թեմաների արդյունքները։
 
 
 
 
 
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական ՀԿ-ն՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական ՀԿ-ի հետ միասին:
Սույն ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով #ԴԱՏԱ ծրագրի շրջանակում:

Վերջին նորություններ