Նորություններ

«Քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման» հետազոտության արդյունքների ներկայացում

22.12.2021

Որո՞նք են Հայաստանի համայնքներում քաղաքացիների պասիվության խոչընդոտները մասնակցային կառավարման գործընթացում, ինչպե՞ս բարելավել ՏԻՄ-քաղաքացի հաղորդակցությունն ի նպաստ համայնքի զարգացման, ի՞նչ մեխանիզմներ ներդնել, որպեսզի քաղաքացին շահագրգռված լինի մասնակցելու համայնքային գործընթացներին: Այս հարցերը քննարկվեցին դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած առցանց ժողովի ընթացքում՝ Հայաստանի յոթ բազմաբնակավայր համայնքներում իրականացված որակական հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս:

 

«Համայնքի ուժը» նախագիծը, որի նպատակն է խթանել տեղական մակարդակում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, նպաստել ՏԻՄ-քաղաքացի երկխոսության ակտիվացմանը, բարձրացնել համայնքային զարգացման ծրագրերում հանրային մասնակցության մակարդակը մեկնարկել է ս.թ. հուլիսին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում և իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից:

 

Որակական այս հետազոտությունն իրականացվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի յոթ բազմաբնակավայր համայնքներում, որոնք են՝ Ալավերդի, Ախթալա, Ապարան, Շողակաթ, Արենի, Չարենցավան և Մեղրաձոր (այժմ Ծաղկաձոր միավորված համայնքի կազմում)՝ ի լրումն 2020թ. ՄԱԶԾ կողմից իրականացված «Բազմաբնակավայր համայնքներում բնակիչների բավարարվածության ելակետային հետազոտության` տեղական մակարդակում որոշումների ընդունմանը, բյուջեի պլանավորմանը և համայնքային զարգացման գործընթացներում նրանց ներգրավվածության աստիճանի գնահատման համար»:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Գուլզատյան, ԳՄՀԸ խորհրդատու Լիկա Մկրտչյանը, «ՀԿ Կենտրոն» ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցում էին հետազոտության մասնակից համայնքների ղեկավարներն ու աշխատակազմի անդամները, ՄԱԶԾ, «ՀԿ Կենտրոն» ՀԿ և ՏԿԵՆ ներկայացուցիչները: Հետազոտության արդյունքները ներկայացրեց հետազոտող Տաթևիկ Մարգարյանը:

 

 

Հետազոտության արդյունքում փորձագիտական թիմը հանգել է հետևյալ եզրակացություններին՝

  • համայնքներում առկա է մասնակցության մեխանիզմների և հնարավորությունների մասին տեղեկատվության պակաս, մասնավորապես, բնակիչներից շատերն իրազեկված չեն մասնակցայինության հնարավորություններին,
  • առօրյա զբաղվածության, սոցիալական խնդիրների գերակայության համատեքստում համայնքային խնդիրներ կարևորման պակաս, անձնական շահերի տարանջատում համայնքային շահերից,
  • լսելի լինելու, առաջարկների ընդունման հավանականության նկատմամբ անվստահություն
  • որոշում կայացնողների հետ հաղորդակցվելու, խնդիրները և առաջարկվող լուծումները ձևակերպելու և ներկայացնելու, բանակցելու հմտությունների պակաս
  • բնակիչների և ավագանու անդամների միջև ոչ բավարար հաղորդակցություն, ավագանու անդամների պասիվություն
  • և այլն։

 

Ծրագրի հաջորդ փուլում իրականացվելու են հետևյալ գործողությունները, որոնք բխում են հետազոտության արդյունքներից՝ bնակիչների իրազեկման միջոցառումներ, ՏԻՄ ներկայացուցիչների և բնակիչների մասնակցությամբ համատեղ թեմատիկ հանդիպումներ, ՏԻՄ ներկայացուցիչների համար ուղեցույցների և գործնական աջակցության տրամադրում՝ մասնակցային հնարավորությունների մասին հանրության իրազեկման և մասնակցության խթանման ուղղությամբ գործողություններ պլանավորելու և իրականացնելու նպատակով։

 

Բացի այդ մասնակցային գործիքների օգտագործմամբ համայնքային խնդիրների լուծման նպատակով տրամադրվելու է գործնական աջակցություն, մասնավորապես բնակիչների կողմից առաջարկված փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորում և խորհրդատվական աջակցություն։

 

 

«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ:

 

 

Վերջին նորություններ