Կոնտեքստ․
Վանաձորը հայտնի է իր խորհրդային անցյալով, որը հաճախ անվանում են նաև Վանաձորի արդյունաբերական անցյալ։ Խորհրդային միության փլուզումից ի վեր Վանաձորի կարողությունների մասին քչերն են «խոսել» և դրանց մեջ է՛լ ավելի քիչ թիվ են կազմել վանաձորցիները։ Այս համատեքստում չափազանց կարևոր է առավել մեծ ուշադրություն հրավիրել Վանաձորի խորհրդային անցյալին և վերաիմաստավորել այն քաղաքի արվեստագետների միջոցով։
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Վանաձոր ԻնֆոՏուն․ Վերաիմաստավորելով» ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Վանաձորի խորհրդային անցյալ․ վերաիմաստավորում և հանրայնացում» խորագրով ֆիլմերի մրցույթ վանաձորցի արվեստագետների համար։
Բովանդակային․
Մրցույթի շրջանակներում ակնկալվում է, որ հայտատու արվեստագետները (իրենց կողմից կառավարվող իրավաբանական անձիք)՝ հատկապես երիտասարդները, կներկայացնեն արվեստի գործեր, որոնցում շոշափում են Վանաձորի խորհրդային անցյալի տարբեր դրվագները։ Առաջարկվող գործերում կարող են ներկայացված լինել մարդկային պատմություններ, ճարտարապետական հարցեր, հետարդյունաբերական խնդիրներ և այլն։ Կարևոր է, որ գործերը չլինեն զուտ անցյալի մասին, այլ ունենան հաղորդագրություն (մեսիջ) այս օրերի և ապագայի վերաբերյալ։
Այս փուլում դիմորդները պետք է ներկայացնեն միայն գաղափարներ, որոնք պետք է արտացոլեն առաջարկվող պրոդուկտի ֆորմատը (օրինակ ֆիլմ), սցենարը և բովանդակությունը։ Ստացված գաղափարները կգնահատվեն մասնագիտական ժյուրիի կողմից։
Երկրորդ փուլում ընտրված դիմորդները կանցնեն վերապատրաստում մասնագետների կողմից՝ կմասնակցեն աշխատարանների և դասընթացների։
Իսկ երրորդ փուլում հաստատված գաղափարները կֆինանսավորվեն և կիրականացվեն։
Նշում․ Մեկ ֆիլմի համար հատկացվող ֆինանսավորումը չի կարող գերազանցել 200․000-250․000 դրամը։ Առանձին դեպքերում մասնագիտական ժյուրիի գնահատմամբ հնարավոր են այլ՝ հատուկ մոտեցումներ աջակցության հարցում։
Բոլոր ներկայացված գործերը կցուցադրվեն 2022 թվականի սեպտեմբերին Վանաձոր քաղաքում իրականացվելիք բացօթյա փառատոնի ընթացքում ։
Տեսլական․
ՀԿ Կենտրոնը, լինելով Վանաձորում մեկ տասնամյակից ավելի գործող կազմակերպություն, համոզված է, որ Վանաձորի պոտենցիալը լիովին բացահայտված չէ։ Այդ պոտենցիալում մեծ դեր ունի նաև խորհրդային անցյալը, որը կարիք կա հանրահռչակելու և դարձնելու Վանաձորի դեմքի մի մասը։
Այս մրցույթի միջոցով մենք ցանկանում ենք աջակցել վանաձորյան շնչով արվեստի գործերի ստեղծմանը։
Մենք ակնկալում ենք, որ մրցույթի ավարտին կազմակերպվելիք փառատոնը, կդառնա ամենամյա։ Այն կարող է դառնալ «Խորհրդային անցյալի փառատոն» և կազմակերպվել ամեն տարի՝ համայնքապետարանի և տեղական ու միջազգային կառույցների ու արվեստագետների ներգրավմամբ։ Սա կարող է դառնալ Վանաձորի հետաքրքիր այցեքարտերից մեկը։
Ժամկետներ և դիմելու կարգ․
Գաղափարների հայտերն ընդունվում են մինչև հունիսի 15-ը։ Դրանք պետք է ուղարկել infotun.vanadzor@gmail.com էլ․ փոստի հասցեին, վերնագրի տողում նշելով «Վերաիմաստավորելով մրցույթ – Անուն, ազգանուն»։
Գաղափարի հայտը ներկայացնելիս մասնավորապես անհրաժեշտ է ուղարկել՝
- Գաղափարի նկարագիրը/սցենարը,
- Ներկայացնողի մասին կարճ տեղեկատվություն (կարող է լինել՝ պորտֆոլիո, CV)
- Գաղափարը ներկայացնողի նախկին փորձը,
- Այլ տվյալներ, որոնք կարծում եք կարող է օգնել ժյուրիին որոշում կայացնելիս։
Հայտերը կդիտարկվեն մայիս ամսվա առաջին կեսի ընթացքում և ընտրված դիմորդները կտեղեկացվեն հետագա փուլերի մասին։
Կրթական փուլը՝ դասընթացներն ու աշխատարանները տեղի կունենան մայիս-հունիս ամիսների ընթացքում։
Դրամաշնորհների փուլը՝ ֆիլմերի ստեղման գործընթացները տեղի կունենան հունիս-օգոստոս ամիսների ընթացքում։
«Խորհրդային անցյալի փառատոն»-ը կկազմակերպվի սեպտեմբեր ամսվա ընթացքում։
Գաղափարների հայտերը դիտարկելիս մասնագիտական ժյուրին ուշադրություն կդարձնի հետևյալին (ցանկը սպառիչ չէ)՝
- Որակին,
- Ձևաչափին,
- Բովանդակությանը,
- Հաղորդագրությանը (մեսիջ),
- Բազմակողմանի և հետաքրքրաշարժ լինելուն,
- Արդիականությանը,
- և այլն։
Հարցերի դեպքում կարող եք կապվել ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան համակարգող Վահե Խաչիկյանի հետ vahe@ngoc.am էլ․ փոստի հասցեով, կամ զանգահարելով 091 743315 հեռախոսահամարով։
«Վանաձոր ԻնֆոՏուն․ վերաիմաստավորելով» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։