Նորություններ

Փորձնական տուր վերապատրաստված ուղեկցորդների համար

28.11.2020

 

Նոյեմբերի 28-ին Լոռի Բերդ համայնքում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված քայլարշավային փորձնական տուրը։

 

Տուրին մասնակցում էին Լոռի Բերդ և Գյուլագարակ բազմաբնակավայր համայնքներից ՀԿ Կենտրոնի կողմից վերապատրաստված ուղեկցորդները, համայնքապետարանների ներկայացուցիչները, ՀԿ Կենտրոնի մասնագետ Սերգեյ Պետրոսյանը, արահետների զարգացման և էկոտուրիզմի անկախ փորձագետ Վահագն Վարդումյանը և զբոսաշրջության արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը։ 

 

 

«Լոռի Բերդի կիրճի քայլարշավային երթուղին, որով մենք առաջին փորձնական քայլարշավն արեցինք նոյեմբերի 28-ին, կարևոր էր հատկապես այն առումով, որ փաստորեն վերաբացվեց մոտ 1000 տարի առաջ ստեղծված ու վաղուց չօգտագործված հին երթուղիներից մեկը, որով ՈՒռուտի (Միսխանայի) վրայով անցնող կամրջով մարդիկ Լեջանի սարահարթից ձորով գալիս էին Լոռի Բերդի հրվանդան, ոչ միայն հետիոտն, այլ նաև ձիերով, ռազմական երկանիվներով, սայլերով ու նույնիսկ կառքերով։ Չնայած այն բանին, որ երթուղին մոռացված էր ու միայն հազվադեպ էր օգտագործվում, այն ոչնչով չի զիջում Լոռի Բերդ ամրոցից դեպի ՈՒռուտի վրայի հին կամուրջն իջնող արահետին, նույնիսկ, դատելով մասնակիցների տպավորություններով, ավելի լայն է ու անվտանգ։ Քանի որ մեր քայլարշավի նպատակը ոչ միայն երթուղին փորձարկելն էր, այլ նաև այն հասանելի դարձնելը, մենք կատարեցինք ներկերով նախնական գծանշում` որպես հիմք ընդունելով ՀՀ-ում արդեն պաշտոնապես ընդունված գծանշման չափանիշները։ Քայլարշավը նաև ուսուցողական բնույթ ուներ. թե’ գծանշելիս, թե’ լեռնային խմբին ուղեկցելիս մեր թիմը կիրառեց առավելագույնս ներառական մոտեցում, որպեսզի մասնակիցները սեփական փորձով սովորեն ամեն ինչ` հետագայում երթուղու խնամքն ու զբոսաշրջային արշավներն ինքնուրույն կազմակերպելու համար։
Քայլարշավը նաև լավ հնարավորություն էր, որպեսզի Լոռու Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների ակտիվ անդամները, որ արդեն մասնակցել են ոլորտի վերապատրաստման դասընթացի, միմյանց հետ ծանոթանային ու միասին կատարեին ոլորտում առաջին քայլերը։ Օրվա վերջում արդեն սկսեցին նշմարվել համագործակցության հնարավորություններ, քննարկվեցին արդեն ընտրված ու էլեկտրոնային մեթոդով գծանշված մյուս երթուղիների ներկով գծանշման հնարավոր տարբերակները։ Երթուղիների խնդրահարույց հատվածների բարեկարգման ու հետագա խնամքի մասին նույնպես խոսվեց»,- նշում է արահետների զարգացման և էկոտուրիզմի անկախ փորձագետ Վահագն Վարդումյանը։
 
 
 
 
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
 
 
 

Վերջին նորություններ