Նորություններ

«ՀԿ Կենտրոնի հետ համագործակցելով՝ հմտությունների մի մեծ փունջ և ավելի լայն հնարավորություններն ապահովված են». Բախշիկ Հարությունյան

22.09.2020

27-ամյա Բախշիկ Հարությունյանն արդեն չորս տարի համագործակցում է ՀԿ Կենտրոնի և Վանաձոր ինֆոՏան հետ: Առաջին անգամ ՀԿ Կենտրոնի գործունեության մասին տեղեկացել է 2016 թականին՝ երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Իսկ համագործակցել սկսել է այն ժամանակ, երբ իրենց համայնքում ՝ Ձորագյուղում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն ծրագիր էր իրականացնում, որը պիտի նպաստեր Լոռու մարզում էկո, հեծանվային և գյուղական համակցված տուրիզմի զարգացմանը՝ միջավայրի բարելավման և երիտասարդների կրթման միջոցով: «Դբա Ձորագյուղ» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում լեռնային հեծանվային արահետ ստեղծվեց, որին կամավոր մասնակցություն ունեցավ նաև Բախշիկը, որից հետո արդեն ավելի շատ իմանալով ՀԿ-ի մասին ու ծանոթանալով թիմի հետ՝ նա սկսել է հաճախ մասնակցել ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներին, ծրագրերին, դասընթացներին։

 

«Մասնակցել եմ գրեթե բոլոր միջոցառումներին, դասընթացներին: Երբեմն ժամանակի և աշխատանքի բերումով եղել է, որ ստիպված եմ եղել բաց թողնել, բայց մաքսիմալ մասնակցություն եմ ունեցել»,- ասում է Բախշիկ Հարությունյանը:

 

Նա դժվարացավ մտաբերել կոնկրետ ինչ-որ հետաքրքիր դեպք կազմակերպության հետ կապված, որն իրեն շատ է տպավորել. «Մտածել է պետք: Քանի որ և՛ ՀԿ Կենտրոնում, և՛ Վանաձոր ԻնֆոՏանը միշտ դրական ու հավես միջավայր է, կարելի է ամեն վայրկայանի մասին խոսել, որպես հետաքրքիր դեպքի»,- ասում է նա:

 

Այս չորս տարիների ընթացքում, Բախշիկի խոսքով, բավականին հմտություններ է ձեռք բերել՝ մասնակցելով ՀԿ Կենտրոնի տարբեր ծրագրերի. «Մասնակցելով դասընթացների՝ ցանկացած ոք բավականին հմտություններ ձեռք կբերի, անգամ եթե մեկ կամ երկու դասընթացի մասնակցի, քանի որ միշտ բովանդակալից ու հետաքրքիր է կազմակերպված լինում»,- նշում է Բախշիկն՝ իր համար առանձնացնելով մեդիա ոլորտի հմտությունները:

 

ՀԿ Կենտրոնում ձեռք բերելով հմտություններ մեդիայի ոլորտում՝ նա նաև իր գիտելիքներով կիսվել է այլ երիտասարդների հետ. ՀԿ Կենտրոնի մշակած ծրագրերի շրջանակներում հանդես է եկել որպես դասընթացավար և մեդիագրագիտության, մուլտիմեդիա նյութերի պատրաստման թեմաներով վարել դասընթացներ. «Դա կարևոր և պատասխանատու գործ է հատկապես մեդիա ոլորտի դեպքում»,- ընդգծում է նա:

 

Այժմ Բախշիկ Հարությունյանն աշխատում է Ձորագյուղի համայնքապետարանում որպես գլխավոր հաշավապահ:

 

Նա նշում է, որ եթե ավելի վաղ սկսեր համագործակցել ՀԿ Կենտրոնի հետ, միանշանակ այլ մասնագիտություն կընտրեր. «Հստակ կարող եմ նշել, որ եթե ավելի վաղ լիներ համագործակցությունը, հաստատ նշանակություն կունենար մասնագիտության ընտրության հարցում իմ որոշմանան մեջ, և հստակ կասեմ, որ կանգ կառնեի մեդիա ոլորտի վրա»,- ասում է նա։

 

Հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա այն երիտասարդներին, ովքեր մտածում են համագործակցել ՀԿ Կենտրոնի հետ, Բախշիկ Հարությունյանը տվեց կիսահումորային պատասխան. «Միանշանակ կասեմ, որ ճիշտը ՀԿ Կենտրոնն է, այստեղ այլ տարբերակ չի էլ կարող լինել: Անկեղծ կասեմ`երաշխավորում եմ, որ ՀԿ Կենտրոնի և Վանաձոր ԻնֆոՏան հետ համագործակցելով՝ ներաձնային աճը, հմտությունների մի մեծ փունջ և ավելի լայն հնարավորություններն ապահովված են»:

 

 

 

 

Ելենա Սարգսյան

Վերջին նորություններ