Ֆինանսական աջակցություն. Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհ

04.05.2018

Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհի այս հայտարարությունը տարածվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում: Գործողության ընդհանուր խնդիրն է՝ հայաստանյան քաղաքացիական հասարակության մոտ ձևավորել Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում արդյունավետ ներդրում ունենալու կարողություն և ամրապնդել այդ կարողությունը: Հատուկ նպատակն է՝ բարելավել ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքելու գործում:

 

Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

Մենք փնտրում ենք ՔՀԿ-ներ կամ չգրանցված նախաձեռնող խմբեր, որոնք ծառայում են հանրային շահերին, արձագանքում են մարդկանց և համայնքների, խոցելի բնակչության կարիքներին, նվազեցնում են անհավասարությունները և խթանում սոցիալական ներառումը, խրախուսում կամավորությունը և մոբիլիզացիան, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցությունը, երիտասարդության հզորացման, կանանց ու աղջիկների ներգրավման միջոցով ապահովում են զարգացման կայուն մոդել և համայնքային մասնակցություն:

Ծրագրի իրականացման ոլորտների հետ կապված սահմանափակումներ նախատեսված չեն, սակայն տրամադրվելիք դրամաշնորհային գործողությունների առնվազն կեսը պետք է իրականացվի Երևանից դուրս: Վճարովի ծառայությունների տրամադրմանն ուղղված և շահույթ հետապնդող առաջարկները (այդ թվում՝ սոցիալական ձեռներեցության նման ծրագրերը) չեն դիտարկվի դրամաշնորհի սույն հայտարարության շրջանակներում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այլ անձանց (կազմակերպություններին) դրամաշնորհի վերահատկացումը անընդունելի է:
Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանում: Թեև Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհի առաջարկների ընտրության ժամանակ աշխարհագրական խտրականություն դրված չէ, փորձելու ենք հավասարակշռել տարբեր մարզեր ներկայացնող, դրամաշնորհ ստացող շահառուների ընտրությունը:

 

Ո՞ՒՄ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ

Հայտարարությունը բաց է ՔՀԿ-ների* և պարտադիր իրավական գրանցում չունեցող նախաձեռնող խմբերի համար**: Կարևոր է նշել, որ սույն դրամաշնորհին դիմելու համար նախաձեռնող խմբերը պետք է ունենան ծրագրեր իրականացնելու և որոշակի նախաձեռնություններ իրագործելու փորձ: Առաջարկվող գաղափարի/ծրագրի նման միջոցառումների իրականացման փորձ չունեցող նախաձեռնող խմբերին առաջարկվում է չդիմել, քանի որ այդ ծրագրերը չեն ուսումնասիրվելու:

Մենք նաև փնտրում ենք յուրօրինակ և ստեղծարար համագործակցություններ, հատկապես այնպիսիք, որոնք մեկտեղում են տարբեր կազմակերպություններ, ոլորտներ, ասպարեզներ ու համայնքներ, և որոնք կարող են ի ցույց դնել համագործակցության և թիմային աշխատանքի ուժը: Մենք հետաքրքրված ենք ունկնդրել նաև այնպիսի կազմակերպությունների, որոնք նախկինում նման դրամաշնորհ երբևէ չեն ստացել կամ ներկայումս ներգրավված չեն ԵՄ դրամաշնորհների իրականացման մեջ: Ողջունում ենք այն կազմակերպությունների հայտերը, որոնք ունեն ֆինանսավորման հետ կապված դժվարություններ կամ կազմակերպական կարողությունների պատճառով նախկինում մերժվել են ֆինանսավորման հարցում, սակայն ունեն լավ գաղափարներ:

 

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա դրամաշնորհային 8-14 ծրագիր՝ յուրաքանչյուրը 3,000,000-ից 9,000,000 ՀՀ դրամի սահմաններում: Դրամաշնորհների կառավարման ոչ մեծ փորձ ունեցող կազմակերպություններին կոչ ենք անում դիմել նվազագույն ֆինանսավորման հայտով: Ծրագրերը պետք է նախատեսված լինեն 12 (տասներկու) ամսվա իրականացման համար:

Դիմողներից պահանջվում է ապահովել սեփական ներդրումը (ընդունելի են թե՛ դրամային, և թե՛ ոչ դրամային ներդրումները)՝ պահանջվող ֆինանսավորման առնվազն 5%-ի չափով: Համաֆինանսավորման պահանջը չբավարարող առաջարկները չեն ուսումնասիրվի:
Ի լրումն ֆինանսական աջակցության, ընտրված ծրագրային թիմերին կտրամադրվի Կազմակերպական կարողությունների զարգացման օժանդակություն: Ծրագրի իրականացման առաջին օրվանից դրամաշնորհ ստացողներից յուրաքանչյուրին ըստ ընտրված ոլորտների կտրամադրվի խնամքով ընտրված սփյուռքահայ մենթորների աջակցություն և ուղղորդում: Բացի այդ, դրամաշնորհ ստացողները հնարավորություն կունենան մասնակցելու Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող Ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագիտական ծրագրին, կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների՝ ընտրված ծրագրերի սահուն իրականացման համար անհրաժեշտ կարողությունների հետ կապված բացերը լրացնելու և կարիքները բավարարելու նպատակով:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհին դիմելը ենթադրում է եռափուլ գործընթաց:

Փուլ 1. Որպես առաջին քայլ, դիմողներին կխնդրվի ներկայացնել գաղափարներ՝ ամփոփելով խնդրի նկարագրությունը և ծրագրի ընդհանուր խնդիրներն ու արդյունքները, գնահատելով ծրագրով առաջարկվող սոցիալական ազդեցությունը և նորարարությունը: Նախաձեռնող խմբերից կպահանջվի նաև տրամադրել նախկին փորձառության համառոտ նկարագրությունը:
Փուլ 2.Նախնական ընտրությունն անցած մինչև 30 դիմողներ կհրավիրվեն Ծրագրային առաջարկների մշակումը և որակըթեմայով վերապատրաստման, ինչը դիմողներին կտրամադրի առաջարկներ մշակելու հմտություններ, կծանոթացնի ծրագրային առաջարկ գրելիս կիրառվող գործիքներին ու մոտեցումներին: Վերապատրաստման դասընթացը բարեհաջող ավարտելուց հետո դիմողները կհրավիրվեն ներկայացնելու լիարժեք ծրագրային առաջարկները: Վերապատրաստման ընթացքում կտրամադրվեն պարզաբանումներ և ուղղորդում՝ լիարժեք ծրագրային առաջարկ ներկայացնելու վերաբերյալ:
Փուլ 3. Նախնական ընտրությունն անցած դիմողները կհրավիրվեն ներկայացնելու լիարժեք ծրագրային առաջարկները: Առաջարկների ներկայացումից հետո կնախատեսվեն անհատական հանդիպումներ դիմողներից յուրաքանչյուրի հետ՝ իրենց գաղափարներն ընտրող հանձնաժողովին ներկայացնելու համար:

 

ԴԻՄԵԼ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Եթե գտնում եք, որ այս հայտարարությունը ձեզ համար է՝ լրացրեք գաղափարի մրցույթի ձևաթուղթը՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ:

Դիմումները պետք է ներկայացվեն առցանց՝ անգլերեն կամ հայերեն: Դիմողներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել մեկ դիմում: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետը՝ 2018թ. մայիսի 31, ժամը՝ 14:00: Այս ժամկետը լրանալուց հետո դիմումի կայքը հասանելի չի լինի:
Խնդրում ենք հետևել ՔՀ Կամուրջ նախաձեռնության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցության հիմնադրամի սոցիալական լրատվական էջերին՝ Երևանում և մարզերում կայանալիք կողմնորոշիչ հանդիպումների մասին տեղեկանալու համար:

 

 

Ամբողջական հայտարարությունը  www.hkdepo.am կայքում

 

 

Վերջին նորություններ